«Եթե Իսլամական պետությունը հայտարարի իր առաջին թշնամիներին, ապա, միանշանակ, Իսրայելից և Իրանից հետո՝ 3-րդ հորիզոնականը Հայաստանն է»

«Այսօր Իսլամական Հանրապետություն կոչվածը Հայաստանից գտնվում է ընդամենը 300 կիլոմետրի վրա, նրանք չեն թաքցնում իրենց նպատակը և Հայաստանը որպես երկիր չեն ճանաչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ մինչև վերջերս պարզ չէր, թե ով է ֆինանսավորում Իսլամական պետությանը. «Նրանք ասում էին, որ իրենց գումարներն առաջանում էին գրաված տարածքների նավթից, ապա ինչպե՞ս գրավեցին այդ տարածքները նույն Իրաքից: Հետևաբար՝ պետք է նշենք, որ ինչ-որ մեկը լուրջ գումարներ է ներդրել: Մի բան է պարզ, որ Իսլամական Հանրապետության հետ լրջագույն աշխատել է թուրքական արտաքին հետախուզությունը, և այդ առումով մենք ավելի քան վտանգված ենք»:

Գ. Եղիազարյանը կարծում է՝ Իսլամական պետության հիմքերը դրվեցին Միացյալ Նահանգներում. «Քանի որ նրանց 12-րդ խալիֆը 5 տարի շարունակ նստած է եղել Միացյալ Նահանգներում՝ ահաբեկության ծանրագույն հոդվածով, ժամանակից շուտ ազատվել է բանտից և հայտնվել է այնտեղ ու հետագայում ղեկավարել այդ պետությունը: Հիմա արդեն ԱՄՆ-ը ստիպված է զենքի ուժով նրան կարգի հրավիրել: Չստացվեց էքսպերիմենտը»:

Ըստ Գ. Եղիազարյանի՝ եթե Իսլամական պետությունը հայտարարի իր առաջին թշնամիներին, ապա, «միանշանակ, Իսրայելից և Իրանից հետո՝ 3-րդ հորիզոնականը Հայաստանն է»: Նրա խոսքով՝ մենք պետք է ավելի քան աչալուրջ լինենք, «այստեղ մեզ բարեկամ միայն Իրանն է»:

Հարցին՝ պաշտպանության ի՞նչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, եթե իսկապես արդեն ռեալ լինի այդ վտանգը, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Ամենաառաջինը՝ պետք է մեր հակաօդային պաշտպանությունը դնել նոր հիմքերի վրա: Եթե թուրքերը միջանցք տրամադրեցին, ապա նրանք անմիջապես կհայտնվեն Հայաստանի գլխին, որպեսզի դա չլինի, մենք այսօրվանից մեր հակաօդային պաշտպանության դոկտրինան պետք է ուղղենք այդ ուղղությամբ: Վաղը-մյուս օրն ուշ կլինի: Այստեղ պետք է համայն հայությանը ոտքի հանենք, որ կարողանանք մեր երկիրը պաշտպանել»:

Տեսանյութեր

Լրահոս