Րաֆֆի Հերմոն Արաքս. Ծեծի ենթարկված լրագրողը «Ես հայ եմ» ասողներից է
Arevelk.am-ը գրում է. Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի ՝ Ահմեդ Հաքանի հանդեպ կիրառված ֆիզիկական բռնության դեպքը շարունակվում է քննարկվել թուրքական մամուլում: Նշվում է, որ Ստամբուլում ցույցեր են նախապատրաստվում` ի պաշտպանություն Hürriyet թերթի նախկին լրագրողի, որի վրա օրեր առաջ հարձակվել են իր տան դիմաց, երբ լրագրողը վերադառնալիս է եղել CNNTürk-ի նկարահանումներից:
Ծանր վնասվածքներ ստացած Ահմեդ Հաքանը գտնվում է հիվանդանոցում:
Պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսի կարծիքով, թուրք լրագրողի հանդեպ կիրառված դաժան ծեծը երկրում տիրող մթնոլորտի հետեւանք է, որի հիմքերը, ըստ հայ լրագրողի, դրել է երկրի նախագահը: «Արեւելքի» հետ զրույցում Րաֆֆի Հերմոն Արաքսը նշում է, թե Էրդողանի կարծիքով, ծայրահեղ ազգայնականներին հրահրելով, կարող է նրանց ձայներն ուղղել դեպի իր կուսակցություն, սակայն, ըստ մեր զրուցակցի, նախագահի այս մոտեցումն իհարկե, սխալ է:
Րաֆֆի Հերմոն Արաքսը ծեծի ենթարկված Ահմեդ Հաքանին բնորոշում է իբրեւ հայության հանդեպ հարգանք ունեցող լրագրող, որ Հրանտ Դինքի սպանության օրերին փողոց էր իջել եւ հազարավորների հետ գոչում էր «Ես հայ եմ»: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ Հաքանը մուսուլման է, բայց նրա բոլոր ըմբռնումները եւ կեցուածքները ժողովրդավարական հիմք ունեն, ինչի համար լրագրողը վերջին շրջանում AKP իշխող կուսակցության պատասխանատուների կողմից ենթարկվում է տարբեր հալածանքների: