Ինչո՞ւ խախտի խորիմաստ լռությունը Պուտինը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն օրերս պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում, որտեղ ընթանում էին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրաթյուն-2015» խորագիրը կրող զորավարժությունները, ուշագրավ հայտարարություն էր արել ՀԱՊԿ անդամ երկրների՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ անհաղորդ կեցվածքի առիթով՝ նշելով, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը նույնիսկ բարոյական աջակցության չի ստանում դաշնակիցներից։

«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, բայց առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա։ Ցանկալի կլիներ լսել նման արձագանքը։ Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է որ գոնե արձագանք հնչի։ Առայժմ մենք օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- ասել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։

Խաչատուրովը նաեւ հավելել էր, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության չի տեսնում. «Մենք ինքներս կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք մեգ համար ամեն օր ստեղծում է Ադրբեջանը։ Ուղղակի տեղեկության համար ասեմ՝ նախորդ 15 օրվա ընթացքում նրանք մի քանի հազար արկ ու ական են ուղղել մեր դեմ, դրանք պայթել են մեր գյուղերում, դիրքերում, 10 կիլոմետր խորության վրա։ Մենք համարժեք պատասխանել ենք, այժմ խոսքը նրանցն է, նրանք լուրջ կորուստներ ունեն»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին, որը ներկա էր զորավարժություններին, լրագրողները հարցրել էին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, երբ արդեն հարձակման են ենթարկվում Հայաստանի սահմանները։ Վերջինս պատասխանել էր, թե անձամբ է ներկա եղել, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը այս հարցը բարձրացնում ՀԱՊԿ գագաթնաժողովներում, սակայն դրանց արդյունքում աջակցության մասին որեւէ որոշում չի կայացվել, եթե լիներ նման որոշում, իրենք, իհարկե, կպատրաստվեին, կիրականացնեին։

Սեմերրկովը, սակայն, դարձյալ խոսել է դաշինքի միասնականությունից՝ պատմելով, թե որքան արագ կարող են արձագանքել, եթե հարձակման ենթարկվի դաշինքի անդամ որեւէ երկիր։ Այսպիսով, ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի իշխանությունների կոչերը, հորդորները ՀԱՊԿ-ի հանդիպումներում մնում են «օդում կախված», դա են վկայում նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի արտահայտած մտքերը։

Փոխարենը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, թե նրա տեղակալը նախընտրում են դիտարկումներ անել այն մասին, թե ինչպես կարող է ՀԱՊԿ-ը արձագանքել, եթե հարկ լինի։ Փաստորեն՝ այն, ինչ կատարվում է վերջին մի քանի ամիսներին Հայաստանի սահմաններում, ՀԱՊԿ-ում կամ լուրջ չեն համարում, կամ համարելով լուրջ ՝ իրենց պարտավորված չեն զգում փորձել անգամ սաստել Ալիեւի պահվածքը։

Հետեւաբար տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի Հայաստանը մի անվտանգության համակարգում, որտեղ նշյալ կառույցին չանդամակցող Ադրբեջանի շահերը, ինչպես երեւում է, ավելի հետեւողականորեն են պաշտպանվում, քան Հայաստանինը։ Եվ առհասարակ՝ ո՞ւմ են պետք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրաթյան-2015» խորագիրը կամ այլ խորագրեր կրող զորավարժությունները։ Ի՞նչ արժեք ունեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ու նրա տեղակալի հայտարարություններն այն մասին, թե ինչ կարող է անել ՀԱՊԿ-ը՝ «եթե հարկ լինի»։

Խնդիրը իսկապես ռազմական գործողություններով Ադրբեջանին պատասխանելը չէ, այլ հրապարակավ դիրքորոշում արտահայտելը, միասնական հայտարարությամբ իրավիճակին համարժեք արձագանքելը։ Մենք միայնակ ենք, ու դրանում նոր չէ, որ պետք է համոզվենք։ Պարզապես որերորդ անգամ մենք ակնհայտ տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում մենք դաշնակից չունենք, անգամ Ռուսաստանն առանձին՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, չի ցանկանում Ալիեւին մի «թթու խոսք» ասել։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս