Բաժիններ՝

Հայկական նոր լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Օլիմպիկոս»

«2018 թվականին ավարտին կհասցվեն «Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի պատրաստած «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները:

Այս ֆիլմը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար՝ առանց սահմանափակումների: Ֆիլմը պատմում է հայոց արքայի մարզական արկածների մասին, որոնք հիմնված են պատմական փաստերի վրա:

«Օլիմպիական խաղերի թանգարանում, որը գտնվում է Հունաստանի Օլիմպիա քաղաքում, պահպանվել է հնագույն ժամանակների, օլիմպիական խաղերի հաղթողների՝ մարմարե անվանատախտակը: Այստեղ նշված է, որ Հայոց աշխարհի, Արշակունյաց թագավորության արքա Վարազդատը, 394 թվականին տեղի ունեցած օլիմպիական խաղերում, դարձել է բռնցքամարտի մրցումների հաղթող, և նրան շնորհվել է «Օլիմպիկոսի» տիտղոս…»,- նշվում է «Շարմ Հոլդինգի» կողմից՝ 168.am-ին տրամադրած մամլո հաղորդագրության մեջ:

olimpikos (2)

Ինչպես նաև համառոտ ներկայացվում է ապագա անիմացիոն ֆիլմի սյուժեն. «Օրերից մի օր, հայոց Վարազդատ թագավորը հրավեր է ստանում Հունաստանից: Նրան առաջարկում են ուղարկել Հայաստանի լավագույն մարզիկներին՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Արքան հիշելով իր մարզական անցյալը՝ որոշում է անձամբ մեկնել խաղերին և նվաճել բարձր տիտղոսը: Նրան միանում է նաև արքայական ընտանիքը: Արկածներով լի ճանապարհը նրանց հասցնում է Հունաստան: Բայց արքային հետապնդում է Մոլլաթոռը՝ Հայաստանի ու հենց Վարազդատի մեծագույն թշնամին: Նա ցանկանում է օգտվել իրավիճակից՝ երկրի սահմաններից դուրս սպանել հայոց արքային և տիրանալ գահին: Մոլլաթոռի պատճառով արքայական ընտանիքն անցնում է ծուղակների և մեծ դժվարությունների միջով: Սակայն, ի վերջո, ընտանիքի միասնության և արքայի հզոր ուժի շնորհիվ՝ հայոց Վարազդատ թագավորը հաղթում է օլիմպիական խաղերում և փառքով վերադառնում Հայաստան»:

olimpikos (3)

Ֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Հայկ Սահակյանցը, սցենարի հեղինակները՝ Դավիթ Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, Հայկ Սահակյանցը, Վարդան Զադոյանը: Երկխոսությունների հեղինակ՝ Վարդան Զադոյան, բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադյան, գլխավոր պրոդյուսեր`Ռուբեն Ջաղինյան, պրոդյուսերներ` Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց: Պրոդյուսերական աշխատանքներ՝ «Շարմ Հոլդինգի»: Ֆիլմը նկարահանվում է 2D.3D ստերեոսկոպիկ տեխնոլոգիայով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս