Վտանգավոր խաղեր

Երեկ ամերիկյան հեղինակավոր «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն՝ հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին նշանակալից շրջադարձ կատարվի։ «Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս-քվոն՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ և փորձել երկարաժամկետ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի նկատմամբ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նման գնահատական են հնչեցրել «Ստրատֆորի» վերլուծաբանները, որոնց կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ Ռուսաստանի ռազմավարությունը սկսում է փոխվել։

«Ամեն դեպքում, նախկինի համեմատ Ադրբեջանի և Ռուսաստանի վերջին ամիսների շատ ավելի լավ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք Մոսկվան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով»,- գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին հոգնեցրել են ԵԱՀԿ-ի միջնորդությամբ տարվող բանակցությունները և Եվրոպայի հետ համագործակցությունը, և Ադրբեջանը կցանկանար տեսնել, թե արդյո՞ք վերջին տարիների ռազմական պատրաստվածության օգնությամբ չի կարող տարածքները հետ բերել։

«Հայաստանը, զբաղեցնելով այդ տարածքների բարձունքները, պահպանում է Ադրբեջանի նկատմամբ ռազմավարական առավելությունը և ակնհայտորեն գերադասում է պահպանել ստատուս-քվոն:

Միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին կստիպի վերաբանակցել պայմանները, մարտական գործողությունների վերսկսումն է, և Ռուսաստանը՝ որպես Հայաստանի միակ հովանավորը, դրանց վերջ տալու համար կխաղա միջնորդի գլխավոր դերը։ Մենք կասկածում ենք, որ այս պլանը կարող է Հայաստանի վրա դրվել միայն դիվանագիտական միջոցներով,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները՝ եզրափակելով,- Ունենալով Լեռնային Ղարաբաղն իր որդեգրմանը սպասող տարածքների ցանկում՝ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր սահմաններից դուրս ոտքի տեղ անելու և ավելի ընդլայնելու քաղաքականությանը»։

«Ստրատֆորն» ամերիկյան արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող հետազոտական կենտրոններից մեկն է, և այդ իմաստով վերը նշված գնահատականները կարելի է համարել ԱՄՆ-ի, գուցե ընդհանրապես Արևմուտքի պատասխանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, մասնավորապես, դրա ընթացքում Հայաստանի կողմից հնչեցված առաջարկին ու ընդունված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ գագաթաժողովի ժամանակ առաջարկեց Հայաստանի խաղաղապահ բրիգադի հիման վրա ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն:

Շատերի, այդ թվում՝ նաև «Ստրատֆորի» կողմից այդ առաջարկը գնահատվել է՝ որպես ԼՂ-ի հակամարտության գոտի ռուսական զորքեր տեղակայելուն ուղղված առաջին քայլ: Ինչպե՞ս Արևմուտքը կարձագանքի այդ քայլին գործողությունների տեսքով, պարզ կդառնա առաջիկա զարգացումներից: Այս պահին տեսանելի է միայն, որ Հայաստանը հերթական անգամ հայտնվել է ռուսական ճնշման տակ, որից դուրս գալու գինը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը: Ռուս խաղաղապահներով կամ առանց դրանց:

Իսկ Հայաստանում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դա պետք է ոչ միայն իշխանություններին ու ոչ միայն սահմանադրությունն անցկացնելու համար, այլ նաև այն արտաքին ուժերին, որոնք շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հարցի հետ կապված որևէ զարգացման դեպքում հասարակական հնարավորինս թույլ դիմադրություն լինի:

Տեսանյութեր

Լրահոս