Իրանը Սիրիայի հարցով կբանակցի արաբական 6 երկրի հետ
Սեպտեմբերի 22-ին Իրանը կբանակցի Պարսից ծոցի արաբական 6 երկրի հետ: Այս մասին, հղում կատարելով Իրանի արտգործնախարարի Մերձավոր արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանին, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ Քաթարն ու Օմանը հանդես են եկել Իրանի ու Պարսից ծոցի արաբական երկրների ներկայացուցիչների հետ ընդհանուր հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, որպեսզի քննարկեն տարածաշրջանում առկա ճգնաժամը:
Վերջին տարիներին արաբական որոշ երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Բահրեյնը, Եմենն ու Իրաքը, բախվել են լայնամասշտաբ ներքաղաքական ճգնաժամի: Իրանի ու Պարսից ծոցի երկրների միջև կան տարաձայնություններ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ:
Այն ժամանակ, երբ արաբական երկրները չեն ցանկանում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իշխի Սիրիայում, Իրանը վճռականորեն աջակցում է Ասադին: «Իրանը նորացրել է իր առաջարկությունները Սիրիայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ դեմոկրատական գործընթացի օգնությամբ»,-ասել է Աբդոլահիանը:
Մեկնաբանելով կայանալիք հանդիպման տեղի վայրի մասին հարցը, իրանցի դիվանագետը ասել է, որ այն կարող է տեղի ունենալ Պարսից ծոցի 6 երկրներից յուրաքանչյուրում: