ԵՄ-ն 2,4 մլրդ եվրո կհատկացնի ԵՄ երկրներում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման նպատակով
Եվրամիությունը հաստատել է 2,4 մլրդ եվրոյի (2,6 մլրդ դոլար) հատկացումն իր անդամ-երկրներին՝ լուծելու անօրինական միգրացիայի հաղթահարման խնդիրները:
Ամենից շատ դրամական միջոցներ կստանան Իտալիան ու Հունաստանը, որոնք բախվել են ներգաղթյալների մեծաթիվ հոսքի հետ, որոնք հիմնականում ժամանում են Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից:
Այս տարի ավելի քան 192 հազար ներգաղթյալ է Եվրոպա ժամանել ծովային ճանապարհով: Նրանցից նվազագույնը 2000-ը մահացել են՝ Միջերկրականը հատելու ճանապարհին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆինանսավորման ծրագիրը հաշվարկված է մինչև 2020 թվականը, այն նախատեսում է փախստականների համար նոր կենտրոնների կառուցում, ապաստանի տրամադրման գործընթացի բարելավում, ժամանողների ինտեգրման մեթոդների կատարելագործում:
Հավելյալ միջոցներ են հատկացվելու սահմանային վերահսկողության բարելավման, տեսահսկման ու անվտանգության համակարգերի ապահովման համար:
Ինչպես հաղորդվում է, Իտալիան այդ նպատակների համար կստանա 560 մլն եվրո, Հունաստանը՝ մոտավորապես 474 մլն եվրո:
Որոշակի օգնություն կստանան Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որոնք բախվել են միգրացիոն լուրջ ճգնաժամի Լա-Մանշի թունելի շրջանում: