Բաժիններ՝

Ինչո՞ւ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը լքեց Բաղրամյանը. Պարզաբանում են նախաձեռնության անդամները

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ստեղծում է համակարգող խմբեր, որտեղ որոշվելու են իրենց հաջորդ քայլերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները՝ նշելով, որ այդ խմբերում ընդգրկվում են միայն քաղաքացիական ակտիվիստներ:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ ոչ մի պառակտում տեղի չի ունեցել, ուղղակի հիմա իրենց թիմը զբաղվում է մի քիչ այլ աշխատանքներով. «Ամեն դեպքում, մենք Բաղրամյանում անընդհատ լինում ենք»:

Նախաձեռնության համակարգող անդամներից Սոֆյա Հովսեփյանն էլ խոսելով այն մասին, թե ինչու իրենք թողեցին Բաղրամյան պողոտան ու գնացին Ազատության հրապարակ, ասաց, որ բավական երկար ժամանակ իրենք եղան Բաղրամյանում. «Մենք պետք է արդեն այլ հարթակում պայքարը սկսեինք, միայն փողոց փակելով՝ մենք արդյունքի չենք հասնելու, մեզ պետք են կոնկրետ մասնագետների խորհուրդներ: Մեզ պետք էր հասկանալ այն մանիպուլյացիան, որը երկրի ղեկավարն արեց, արդյոք այստեղ կա՞ որևէ կառչելու տեղ, թե՞ սա զուտ աբսուրդ էր: Ստեղծվել էր մի լճացած իրավիճակ Բաղրամյանում»:

Համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն բավարարվել Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, իրենց ոչ մի պահանջը լիարժեք չի կատարվել, հետևաբար՝ իրենք պայքարը շարունակելու են թե՛ փողոցում, թե՛ իրավական հարթության մեջ. «Մենք մեր թիմով՝ համակարգող խմբով, գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, մենք փորձելու ենք միասին լուծումներ գտնել, մենք ընդլայնելու ենք մեր պայքարը բոլոր հարթություններում»:

Կարդացեք նաև

Ս. Հովսեփյանն էլ նկատեց, որ իրենց խնդիրը հարթակում լինելը չէ, այլ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելը:

Ա. Քոչարյանի խոսքով էլ՝ եթե իրենք կանգնում են Բաղրամյան պողոտայում, պետք է քայլ անեն. «Ասենք՝ 1 ամիս կանգնեցինք, ու իշխանությունն էլ ձայն չհանեց, արդյոք այդպես կանգնելով հարցը լուծվելո՞ւ է: Դուք հիշո՞ւմ եք, երբ այդ ընթացքում պրոսպեկտն ինքնաբուխ փակվեց, այդ պահին լճացումից հանեց, մարդիկ եկան, ինչ-որ գործողություն տեղի ունեցավ, բայց զուտ գնաս-կանգնես Բաղրամյանում և ո՛չ պահանջ փոխես, ո՛չ քայլ անես, ուղղակի կանգնես, սխալ է»:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ իրենք Բաղրամյան պողոտայում գտնվողներին սադրիչներ չեն համարում, նրանք իրենց ընկերները, հարազատներն ու բարեկամներն են, ու հենց իրենք էլ են օրվա ընթացքում այնտեղ գնում:

Մանրամասները՝ 168.amի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս