Բաժիններ՝

Էրիխ Մարիա Ռեմարկի ամենաարտահայտիչ ցիտատները

Էրիխ Մարիա Ռեմարկը նախորդ դարի գերմանացի ամենաընթերցված գրողներից է: Նա այն մարդկանցից էր, ով անցել էր Առաջին համաշխարհային պատերազմի սարսափների միջով և հետպատերազմյան կյանքը տեսել բոլորովին ոչ այնպիսին, ինչպիսին այն երևում էր խրամատներից:

Ռեմարկը հազվադեպ էր արտահայտվում սեփական ստեղծագործությունների մասին և նախընտրում էր, որ իր փոխարեն խոսեն իր գրքերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենաարտահայտիչ ու խորիմաստ մեջբերումներն իր «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխության», «Երեք ընկեր», «Հաղթական կամար» և այլ գրքերից՝ մարդկանց, կյանքի, սիրո և պարզ, մարդկային երջանկության մասին:

Մարդկանց մասին

Կարդացեք նաև

  • Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ուժեղ է իր ճակատագրից:
  • Ինչքան մարդը պրիմիտիվ է, այնքան մեծ կարծիք ունի իր մասին:
  • Ավելի հոգնեցուցիչ զբաղմունք չկա, քան այն, երբ ներկա ես գտնվում որևէ մեկի՝ իր խելքը ցուցադրելուն, հատկապես, եթե այդ խելքը չկա էլ:
  • Ես միշտ կրկնում էի.

– Դեռ ոչինչ կորած չէր: Մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մեռնում է:

  • Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, իսկ ամենաանտանելին՝ իդեալիստները:
  • Որքան քիչ է մարդը եսամոլ, այնքան մեծ արժեք է իրենից ներկայացնում:
  • Սխալ է կարծել, թե բոլոր մարդիկ օժտված են զգալու միատեսակ ունակությամբ:
  • Եթե ուզում ես, որ մարդիկ ոչինչ չնկատեն, ապա պետք չէ զգուշանալ:

 

Սիրո մասին

  • «Ոչ,- արագ ասաց նա,- միայն ոչ դա: Ի՞նչ է նշանակում ընկերներ մնալ… Դա մեզ համար չէ: Այդպես լինում է միայն ոչինչ չասող սիրախաղերից հետո, և անգամ դա է կեղծ: Սերը չեն «արատավորում» ընկերությամբ: Եթե վերջ, ուրեմն վերջ»:
  • Որևէ մեկը երբևէ չի կարող դառնալ այնքան օտար, քան նա, ում դուք անցյալում սիրել եք:
  • Ի՞նչ կարող է մարդը տալ ուրիշ մարդու՝ մի կաթիլ ջերմությունից բացի, և ի՞նչը կարող է դրանից կարևոր լինել: Դու միայն որևէ մեկի շատ մոտ մի թող քեզ: Եթե թողնես, կուզենաս պահել: Իսկ ոչինչ և ոչ ոքի պահել չի կարելի:
  • Որքա՜ն խոցելի է դառնում մարդը, երբ իսկապես սիրում է: Ի՜նչ շուտ է նա այդ դեպքում կորցնում ինքնավստահությունը, և ինչքա՜ն միայնակ է ինքն իրեն զգում: Թվացյալ ողջ փորձը ցրվում է ծխի նման, և նա իրեն այնքա՜ն անվստահ է զգում:
  • Միայն մեկ անգամ սիրելու համար մարդկային կյանքը չափազանց երկար է ձգվում: Սերը հրաշալի բան է, բայց 2-ից մեկը որոշ ժամանակ անց կարող է ձանձրանալ: Իսկ մյուսն այդ դեպքում մնում է ձեռնունայն: Պարփակվում է և սպասում ինչ-որ բանի, սպասում է խենթի պես… Միայն բազմիցս մենակ մնացող մարդն է զգում սիրած էակի հետ հանդիպման ողջ երջանկությունը:
  • Սերը բացատրություններ չի հանդուրժում: Նրան գործեր են պետք:
  • Յուրաքանչյուր սեր տենչում է լինել հավերժ. հենց սրանում է կայանում սիրո հավերժական տառապանքը:
  • Սիրուց կինը խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը:
  • Միայն երբ վերջնականապես բաժանվում ես ինչ-որ մեկից, սկսում ես հետաքրքրվել նրան վերաբերող ամեն ինչով: Այսպիսին է սիրո պարադոքսներից մեկը:

 

Երջանկության մասին

  • Երջանկությունն աշխարհի ամենաանորոշ և թանկարժեք բանն է:
  • Իրականում մարդը իսկապես երջանիկ է միայն այն ժամանակ, երբ ուշադրություն չի դարձնում ժամանակին և չի վախենում:
  • Երջանկության մասին 5 րոպեից ավելի խոսել չի կարելի: Ասելու բան էլ չկա, բացի նրանից, որ դու երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին կարելի է խոսել անվերջ:
  • Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը: Երջանիկ մարդը կյանքի ուրախությունն ու հաճույքը զգում է ոչ ավելի, քան մանեկենը: Նա միայն ցուցադրում է այդ ուրախությունը, բայց դա նրան տրված չէ: Լույսը լույս չի տալիս լույսի մեջ. այն լուսավորում է մթության մեջ:
  • Ամենահրաշալի վայրն այն վայրն է, ուր մարդը երջանիկ է:

 

Կանանց մասին

  • Մեկընդմիշտ հիշեք մի բան. երբեք, երբեք ու երբեք ծիծաղելի չեք թվա կնոջը, եթե նրա համար ինչ-որ բան անեք:
  • Ինձ թվում էր, որ կինը տղամարդուն չպիտի ասի, որ սիրում է նրան: Այդ մասին թող խոսեն նրա՝ երջանկությունից փայլող աչքերը: Դրանք ավելի խոսուն են, քան բոլոր բառերը:
  • Կնոջը պետք է կամ աստվածացնել, կամ հեռանալ նրանից: Մնացած ամեն բան սուտ է:
  • Եթե կինն ուրիշի է պատկանում, նա 5 անգամ ավելի ցանկալի է նրանից, ում հեշտությամբ կարող ես ստանալ: Սա շատ հին ճշմարտություն է:
  • Կանանց պետք չէ ինչ-որ բան բացատրել. նրանց հետ պետք է գործել:
  • Կինը մետաղական կահույք չէ. նա ծաղիկ է: Նրա հետ պետք չէ շփվել չոր, գործնական ոճով: Նրան արևային, ջերմ բառեր են պետք:
  • Ես կանգնել էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, որ սարսափելի է սիրել կնոջը և լինել աղքատ:

 

Կյանքի մասին

  • Այն, ինչ չես կարողանում ունենալ, միշտ էլ ավելի լավն է թվում քո ունեցածից: Սրանում է մարդկային կյանքի ողջ ռոմանտիկան և իդիոտիզմը:
  • Ասում են՝ ամենադժվարն առաջին 70 տարին ապրելն է. այնուհետև ամեն ինչ ինքնաբերաբար է ընթանում:
  • Կյանքն առագաստանավ է, որի վրա շատ առագաստներ կան. այնպես որ, ցանկացած պահի այն կարող է շուռ գալ:
  • Զղջումն աշխարհի ամենաանօգուտ բանն է: Հետ բերել ոչինչ հնարավոր չէ, ուղղել՝ նույնպես: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Իսկ կյանքը նպատակ չուներ մեզ կատարյալ դարձնելու, քանզի կատարյալ մարդու տեղը թանգարանում է:
  • Սկզբունքները երբեմն պետք է անտեսել, այլապես դրանք ձեզ շատ կվշտացնեն:
  • Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ ուզում ես ապրել, քան ապրել այնքան, որ ցանկանաս մեռնել: Ինչ էլ որ պատահի ձեզ հետ, սրտին մոտ մի ընդունեք, որովհետև կյանքում շատ քիչ բան է երկար ժամանակ կարևոր լինում:

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս