Ալյուրը հարստացնող երկրների թիվն ավելացավ ևս մեկով

Մինչ մեր երկրում անպտուղ բանավեճեր են ընթանում ալյուրի հարստացման գաղափարի շուրջ, աշխարհում հացահատիկից արդյունաբերական եղանակով ստացվող ալյուրի պարտադիր հարստացման ծրագրում ընդգրկվեց ևս մեկ երկիր՝ ընդհանուր թիվը հասցնելով 83-ի։ Դրանցից 13 երկրներում միաժամանակ իրականացվում է` եգիպտացորենի, և 6-ում` բրնձի ալյուրի պարտադիր զանգվածային հարստացում (Բրազիլիան, Կոլումբիան և Դոմինիկյան Հանրապետությունն իրականացնում են բրնձի հարստացման լայնածավալ ծրագրեր, որոնք, թեև, օրենսդրորեն պարտադիր չեն): Հավելենք, որ այսօր հարստացված ցորենի ալյուրից օգտվում է ավելի քան 2 մլրդ մարդ։

Աշխարհում տարեկան արտադրվում և սպառվում է ավելի քան 600 միլիոն տոննա ալյուր, և արդյունաբերական եղանակով ալյուրի հարստացումը հանդիսանում է մարդկանց սննդում օրգանիզմի համար անհրաժեշտ դեֆիցիտային վիտամինների և հանքանյութերի ապահովման արդյունավետ, պարզ և էժան եղանակ: Ալյուրի, որպես լայն սպառման մթերքի, հարստացումն օգնում է բարելավել բնակչության զգալի մասի սնուցման կարգավիճակը, չի պահանջում անիրականանալի փոփոխություններ նախատեսել անհատական սննդակարգում:
Արդյո՞ք միայն ցածր եկամուտ ունեցող երկրներն են իրականացնում այս ծրագիրը

Հանրային առողջապահության ժամանակակից, առավել արդյունավետ ռազմավարությունների դեմ հանդես եկող 2-3 անհատներ փորձում են հանրությանը մոլորեցնել, հայտարարելով, թե ալյուրի զանգվածային պարտադիր հարստացում ներդրվել է միայն մի քանի աֆրիկյան, այն էլ` թույլ զարգացած երկրներում:

Untitled-1

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով երկրների դասակարգումը ըստ եկամուտների (Համաշխարհային բանկ, հունվար, 2015թ.), կարելի է համոզվել, որ 2015թ. մայիսի դրությամբ ցորենի ալյուրն օրենքով պարտադիր հարստացվում է 15 բարձր եկամուտ ունեցող երկրներում, 23 բարձր միջին, 22 ցածր միջին և 23 ցածր եկամուտ ունեցող երկրներում։
Մալավիում, 2015 թվականի մայիսից, ազգային ստանդարտի հրատարակումից հետո, ցորենի և եգիպտացորենի ալյուրի, շաքարի և ձիթայուղի հարստացումը դարձավ պարտադիր:

Ստանդարտների բյուրոյի և Առողջապահության նախարարության տեսուչներից պահանջվում է ապահովել երկրում ընդունված ստանդարտի անվերապահ կիրարկում ինչպես` տեղական արտադրողների, այնպես էլ` սննդամթերք ներկրողների կողմից: Ցորենի ալյուրի ստանդարտում նշվում է. «Սա կապահովի սպառողների պաշտպանությունը. նրանք կստանան անվտանգ և սննդատարրերով հարուստ սննդամթերք և, միևնույն ժամանակ, կօգնի արտադրողներին և ներկրողներին ապահովելու դրանց համապատասխանությունը միջազգային շուկայի պահանջներին»: Ցորենի և եգիպտացորենի ալյուրի ստանդարտներով պահանջվում է ավելացնել երկաթ, ցինկ, վիտամին A, ինչպես նաև B խմբի հետևյալ վիտամինները` ֆոլաթթու, B12, թիամին, ռիբոֆլավին և նիացին:

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի ալրաղացները վերսկսեցին ցորենի ալյուրի հարստացումը

2015 թվականի մայիսի 2-ից ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը վերսկսվեց Հնդկաստանի Գուջարաթ նահանգի ալրաղացներում (տարածքը` 196204 քառ.կմ, բնակչությունը` 60 միլիոն): Իրադարձությունը լայնորեն և մեծ շուքով լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից: Հրապարակվել է Գուջարաթի «Ալյուր արտադրողների ընկերության» նախագահի խոսքը, ով ասել է, որ հարստացումը դա իրենց «պատասխանատվությունն է հասարակության առջև»: Նահանգում ամսական կտրվածքով կհարստացվի 70,000 տոննա ցորենի ալյուր, երկաթով՝ 30 մգ/կգ, և ֆոլաթթվով՝ 1.5 մգ/կգ չափաբաժիններով:

Հղումը՝ այստեղ.

ՀՐԱՅՐ ԱՍԼԱՆՅԱՆ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության
բաժնի պետ

Տեսանյութեր

Լրահոս