Կիսելյովը՝ Բաղրամյան պողոտայում

Հունիսի 23-ի լուսադեմին Ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ ցույցը բռնի ուժով ցրելուց հետո, արդեն երեկ հնչող հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչո՞ւ ընդամենը ժամեր առաջ վայրենության աստիճանի հասած ուժայինները երեկ այդչափ հանդուրժող գտնվեցին ակտիվիստների առաջ: Պատճառները բազաթիվ կարող են լինել՝ սկսած նրանից, որ իշխանությունը հասկացավ՝ ուժ գործադրելը ծնում է հակազդեցություն, ինչի վկայությունը երեկ Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բազմապատիկ թիվն էր, վերջացրած՝ արտաքին քաղաքական տարբեր գործոններով:

Երեկվա ներքին «խաղաղությունը» փոխարինվեց արտաքին «հարձակմամբ»՝ ոչ ուղղակի իմաստով, բարեբախտաբար: Երեկվանից ռուսական ողջ քարոզչությունը՝ լրատվամիջոցներով, գրողներով ու հրապարակախոսներով, քաղաքագետներով ու փորձագետներով, լծվել է երևանյան իրադարձությունները՝ որպես «մայդան», «գունավոր հեղափոխություն» ներկայացնելու գործին: Այդ քարոզչությունն իր ուժգնությամբ, թերևս, ավելի ուժեղ է, քան լուսադեմին երիտասարդների ուղղությամբ արձակված ջրի շիթերը: Ու մինչ ռուսական քարոզչամեքենան զբաղված է քաղաքացիական ընդվզումը «մայդանացնելու» գործով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, թե իրենք ցանկանում են տեսնել «կայուն Հայաստան»:

Իսկ ռուսական ընկալմամբ՝ «կայունության» դեմ ուղղված ցանկացած քայլ կազմակերպվում, համակարգվում ու ֆինանսավորվում է Արևմուտքից և անպայման՝ որևէ գույն ունի:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Ռուսաստանը Հայաստանից խլել է, կամ Հայաստանի իշխանությունն է կամավոր ռուսներին տրամադրել գրեթե ամեն ինչ՝ ռազմավարական նշանակության օբյեկտներից՝ մինչև որոշումներ կայացնելու իրավասություն: Չխլված կամ չհանձնված է մնացել, թերևս, միայն քաղաքացիների միտքը, կամքը, հոգին, վճռականությունը, որը ռուսները համարում են սպառնալիք: Քանի որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին հաջողության հասնելու դեպքում կարող է պայքարել նաև պետության իրավունքի, ինքնիշխան լինելու իրավունքի համար, ինչը հակասում է Հայաստանի վասալացման ռուսական քաղաքականությանը:

Այնպես որ, այսօր Երևանում տեղի ունեցող գործընթացները կապված են արդեն ոչ միայն ու ոչ այնքան՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այլ շատ ավելի խորքային երևույթներով, որոնք, ի վերջո, կրկին անգամ հանգում են Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը: Լայն իմաստով՝ պայքարելով սակագնի բարձրացման դեմ, այսօր հազարավոր երիտասարդներ պայքարում են հանուն Հայաստանի անկախության: Գիտակցված կամ ոչ, կազմակերպվա՞ծ, թե՞ ոչ այնքան: Վկան՝ ռուսական քարոզչական գրոհը, որը կարելի է նաև կատալիզատոր համարել. ռուսական քարոզչամեքենան հիստերիայի է հասնում այն դեպքում, երբ որևէ երկրում քաղաքացիները մտածում են անկախության, առաջին հերթին՝ Ռուսաստանից անկախ ու ինքնիշխան ապրելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս