Վիկտոր Յանուկովիչը BBC-ին տված հարցազրույցում շնորհակալություն է հայտնել Պուտինին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տվել BBC հեռուստառադիոկորպորացիային, որտեղ ասել է, թե մասամբ պատասխանատվություն է կրում Կիևում 2014թ. բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ տեղի ունեցած սպանության համար:
Ուկրաինայի կոնֆլիկտն սկսելուց ի վեր առաջին անգամ արևմտյան լրատվամիջոցի թղթակից Գաբրիել Գեյթհաուսին տված հարցազրույցում նա ասել է, որ երբեք հրաման չի տվել կրակել Կիևում ցուցարարների վրա, սակայն խոստովանել է, որ բավականաչափ ջանք չի գործադրել արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ:
«Ես արյունահեղությանը կտրականապես դեմ էի: Ես կարծում էի, որ ոչ մի իշխանություն չարժե մարդկանց արյան կաթիլին: Այդ պատճառով էլ ես դեմ էի Ուկրաինայում արյուն թափվելուն: Ես արել եմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում պատերազմ չլինի»,-ասել է նա:
Հարցազրույցում Յանուկովիչը Ղրիմի միացումը Ռուսաստանին անվանել է «փաստ, որն արդեն տեղի է ունեցել»: «Այն, ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել»,-հայտարարել է նա:
Գնահատելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Ուկրաինայի նախկին նախագահը հայտարարել է. «Ուկրաինայի ողբերգությունն է այն, ինչ տեղի է ունեցել: Դա շատ վատ է, հարկավոր է այսօր ուղիներ փնտրել, թե ինչպես է հնարավոր դուրս գալ այդ իրավիճակից»:
Յանուկովիչը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր կյանքը փրկելու համար:
«Պուտինը որոշում կայացրեց իր հատուկ ծառայությունների զեկույցի հիման վրա: Նա ինձ հետ չի խորհրդակցել: Ես նրան շնորհակալ եմ, որ նման թիմ տվեց ու իմ անվտանգության աշխատակիցները կարողացան դուրս բերել ինձ ու փրկել կյանքս»,-ասել է Ուկրաինայի նախկին նախագահը:
Ինչպես նշում է BBC-ն, Յանուկովիչը հերքել է մեղադրանքները, թե միլիոններ է թաքցնում արտերկրի հաշվեհամարներում:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը զրկվեց նախագահի իր աթոռից 2014թ. փետրվարին պետական հեղաշրջումից հետո: Գերագույն ռադան նրան հեռացրեց իշխանությունից, փոխեց Սահմանադրությունն ու նշանակեց արտահերթ ընտրություններ, որի արդյունքոմ Ուկրաինայի նոր նախագահ ընտրվեց Պյոտր Պորոշենկոն: