Բաժիններ՝

Գեներալ Մանվելը համաձայն չէ Շուշան Պետրոսյանի հետ

Այսօր Ազգային ժողովի ատահերթ նիստում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց:

Մինչև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումը «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել ՀՀ թվով 8777 քաղաքացիների:

Կանխատեսումների համաձայն «Երկրապահ կամավորականի» կամ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ ստանալու համար կարող են հավակնել մինչև 15 հազար քաղաքացիներ: Այժմ նախատեսվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը:

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարեց, թե առնվազն երկու դեպք գիտի, երբ մարդը մասնակցել է պատերազմին, բայց կարգավիճակ չի ստացել և մարտական ընկերներն էլ չկան, որ հաստատեն իր մասնակցությունը: Նա նշեց, թե հայ տղամարդը վիրավորվում է, որ պիտի այդ մասին ապացույց ներկայացնի:

Փոխնախարարը նշեց, որ հանձնաժողովներ են հրավիրվում ջոկատի հրամանատարներ, մարտական գործողությունների հեղինակավոր մասնակիցներ, որոնք ևս իրենց վկայություններով հնարավորություն են ընձեռնում հանձնաժողովին համապատասխան որոշումներ կայացնելու հարցում, և կաշկանդվածության խնդիր չկա:

Պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը տեղից նկատեց, որ մարտական գործողությունների բոլոր մասնակիցները կամ ջոկատներով, կամ բանակի համակարգում են կռվել, «օդինոկիյ վոլկ» չեն եղել:

««Օդինոկիյ Վոլկի» մասին չի խոսքը, պարո՛ն գեներալ»,- հակադարձեց Շ.Պետրոսյանը՝ նշելով, որ կա դեպք, որ արդեն չկան ընկերներ:

Գեներալը շարունակում էր դժգոհել, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդարտեցրեց՝ «Լավ, հարցը կպարզաբանվի, չի կարելի էդպես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս