Եվրոպական խաղերից հետո Բաքուն ԼՂ հակամարտության գոտում խոշորածավալ գրոհ չի նախաձեռնի. Փոլ Գոբլ

«ԼՂ հակամարտության գոտում պայթյունը Մոսկվային ևս ձեռնտու չէ »,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունյակագիր Փոլ Գոբլը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ներկայումս տիրող իրավիճակին:

Նա ցավով նշեց, որ շատ են կողմերը, մարդիկ, ովքեր շահում են հակամարտության գոտում լարվածության աճից և շատ քիչ այնպիսիք, որոնք պատրաստ են գործել: Ըստ նրա` Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են լարվածության մակարդակը բարձր պահելու հարցում, սակայն կան նաև գործիչներ, որոնք հետաքրքրված են այս հարցում և՛ Երևանում, և՛ Բաքվում, քանի որ լարվածության բարձր մակարդակը հայերին և ադրբեջանցիներին ստիպում է արհամարհել կամ գոնե չստիպել իշխանություններին լուծել տեղական խնդիրները:

«Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն, բայց ես վախենում եմ, որ կողմերը չկարողանան հասնել կարգավորման քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն»,- ասաց Փոլ Գոբլը:

Ամերիկացի վերլուծաբանը շարունակեց՝ ասելով, որ ողջ պատասխանատվությունը չէր փորձի դնել Մոսկվայի վրա: Պարզապես, նրա համոզմամբ, Մոսկվան բացասական դերակատարություն է ունենում հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

Անդրադառնալով գնահատականներին, թե օգոստոսը` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերից հետո լուրջ լարվածություն է բերելու ԼՂ հակամարտության գոտի, ասաց. « Ես չեմ սպասում, որ Բաքուն նախաձեռնի խոշորածավալ գրոհ առաջիկայում, ինչպես և չեմ մտածում, որ նման բան անի Հայաստանը: Ոչ մի կողմ չի կարողանա հաղթել այնպես, որ մեծ կորուստներ չունենա երկրի ներսում և միջազգային ասպարեզում: Հաշվի առնելով խնդիրներն Ուկրաինայում, Մոսկվան ևս չի ցանկանում պայթյուն, Մոսկվան պարզապես ցանկանում է կաթսան եռացող վիճակում պահել, ինչպես նախկինում »,- ասաց Փոլ Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս