Քաշաթաղի շրջանում ողջ գիշեր պայքարել են հրդեհների դեմ. տարածք է մեկնել նաև հանրապետության վարչապետը

Քաշաթաղի շրջանում, հատկապես Թովմասարի սարահարթում, հացահատիկի բերքահավաքի աշխատանքները մտել են եռուն շրջան:

Ինչպես «Արցախպրես»-ին Թովմասարից հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, հունիսի 13-ին Հադրութի տարածաշրջանում բռնկված հրդեհը, տարածվելով դեպի Քաշաթաղի շրջանի Թովմասարի տարածք, մեծ վտանգ էր ներկայացնում արդեն հասունացած ցանքատարածքների համար: Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբն անմիջապես արձագանքել է: Թովմասարի, Կովսականի սարահարթերում գործող հակահրդեհային հենակետերից հրդեհի վայր են շտապել հրշեջ-փրկարարական 3 մարտական հաշվարկ: Շրջվարչակազմի ղեկավար, հակահրդեհային շտաբի պետ Սուրեն Խաչատրյանի հրահանգով հրդեհի վայր են հասել նաև տարածքի համայնքների կամավորականները: Ողջ գիշերը պայքարելով կրակի դեմ` լուսաբացին հաջողվել է մարել հրդեհը, որը տարածվել էր մի քանի հարյուր հեկտարի վրա:

Տարածք է մեկնել նաև հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել պատասխանատուների հետ և որոշվել է տեղերում ավելացնել անվտանգության գոտիները՝ հերկելով նոր տարածքներ: Գործադիր իշխանության ղեկավարը հրահանգել է նաև ժամանակավոր, մինչև բերքահավաքի ավարտը, արգելել այլ մեքենաների մուտքը Թովմասար: Նա Իշխանաձորում հանդիպել է համայնքներից եկած կամավորականների հետ, կարևորել, որ հյուսիսային թևի համայնքներն էլ են մասնակցում հակահրդեհային շտաբի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը հորդորել է բոլորին մասնակցել շտաբի աշխատանքներին` նշելով, որ բերքատվության համար բացառիկ տարի է, և պետք է անկորուստ ամբարել հացահատիկը: Տեղում են նաև գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

«Շատ մեծ դժվարությամբ պայքարել ենք կրակի դեմ և թույլ չենք տվել, որ կրակը հասնի ցանքատարածքներ»,- ասաց ԱԻՊԾ տնօրեն Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ բացի ցանքատարածքներից, կրակը սպառնում էր նաև Արաքսավան և Եղեգն բնակավայրերին: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ այս ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում հրդեհներ բռնկվել են, բարեբախտաբար ցանքատարածքները քիչ են վնասվել:

Այս պահին ցանքատարածքների մոտ հերկի միջոցով ստեղծվել են պաշտպանական շերտեր: Հնձի աշխատանքները Թովմասարում շարունակվում են և կավարտվեն մոտ 20 օրից: Այժմ հունձ են կատարում 34 կոմբայն, իսկ բեռնատարները բերքը տեղափոխում են պահեստներ:

Տեսանյութեր

Լրահոս