Բաժիններ՝

Իշխանությունն արդեն ունի որոշում, թե ինչքան պետք է թանակցնի էլեկտրաէներգիայի սակագինը

«Վաղ թե ուշ ՀՀ-ի էլեկտրացանցերի հետ կատարվելու էր այն, ինչ հիմա է կատարվում ոչ թափանցիկ գործունեության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ մենք այնքան «թուլացած» վիճակում ենք, որ ռուսական ընկերությունը կարող է չափազանց «լպիրշ» ձևով փորձել հայ հասարակության վրա բարդել իր բոլոր «հաճույքների և փնթի» մենեջմենթի արդյուքնում պատճառված վնասները:

«Իրականում հենց դա է տեղի ունենում, ռուսական ընկերությունը իր ներկայացրած հայտով ներկայացնում է, որ, այո՛, դրա համար պետք է վճարի հայ հասարակութունը: Հասկանանք, որ բանաձևը սա է՝ կա՛մ հայ հասարակությունը պետք է վճարի այդ շռայլությունների համար, կա՛մ պետք է համաձայնվենք, որ մեր գլխին նստեք, ինչ ուզում եք արեք, կա՛մ պետք է բոլորով ո՛չ ասենք»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում շատ կարևոր է քաղաքացիական շարժման նշանակությունը: Ըստ նրա՝ այդ շարժումից է մեծապես կախված՝ ինչպես կլուծվի խնդիրը:

Նա կարծում է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն արդեն իսկ փորձել է նախապատրաստել հանրային կարծիքը՝ թանկացման ուղղությամբ. «Իհարկե, շտապել է ավետել, որ պարոն Բիբինի ընկերության ճոխությունները հաշվի չեն առնվի, բայց գոնե ինֆլյացիայի և այլ գործոնները հաշվի կառնվեն, ինչը նշանակում է, որ թանկացման ակնարկն արդեն արված է: Վստահ եմ, որ իշխանությունն արդեն ունի որոշումը, թե ինչքան թանակցնել: Իշխանությունը հիմա ուզում է հասկացնել, թե ինչ չափով կթանկանա»:

Կարդացեք նաև

Ս. Սաֆարյանի խոսքով՝ եթե մինչև այժմ հայտի հրապարակումից ի վեր ՀՀ-ի իրավապահ մարմինները որևէ կերպ չեն արձագանքնել ներկայաված հայտին, որտեղ ակնհայտ «վատնումների և թալանի» մասին տեղեկատվություն կա, ապա սա նշանակում է, որ սրանով ամեն ինչ չի ավարտվելու, և այդ ընկերությունը, անպատիժ մնալով, շարունակելու է նույն գործելաոճը առաջիկա տարիներին.

«Կարծում եմ՝ քաղաքացիական շարժման և բոլորիս խնդիրներից մեկը պետք է լինի, որ այս ամենի հետ կապված քրեական գործեր հարուցվեն, այլապես այդ թալանը շարունակվելու է»:

Ըստ նրա՝ ինչպես գործարքն է թաքուն եղել, այդպես էլ թաքուն Բիբինին ուղեկցեցին պառլամենտ, ինչը լրագրողների իրավունքների խախտում է. «Որովհետև այնքան բան գիտեն ու այնքան բան կա չասելու, որ պետք չէ, որ լրագրողները հանդիպեն: Ես ԱԺ-ում կատարվածը գնահատում եմ որպես լրագրողների իրավունքների խախտում: Ի վերջո, Բիբինը հանրային պաշտոնյա է, և լրագրողները իրավունք ունեն նրան հարցեր տալ: Այսպիս սկանդալային զեկույցից հետո, երբ որևէ մեկը լրագրողներին ասելիք չունի, կներեք, ուրեմն՝ դա նշանակում է, որ իրենց ասելիքը պետք է ասեն իրավապահ մարմիններին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս