«Որոշ մարդիկ իրենց տեղում չեն». Ստեփան Սաֆարյանը՝ Բրազիլիայի Սենատի ընդունած բանաձևից հետո ՀՀ ԱԳՆ արձագանքի մասին
«Կարծում եմ՝ բոլորդ էլ ֆիքսեցիք այն տարօրինակ վիճակը, որը սկսվեց Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելուց հետո, մեր ԱԳ նախարարը շտապեց շնորհավորել, մինչդեռ դեռ այդ բանաձևը վերին ատյանում չէր ընդունվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ ինչ-որ տեղ հնարավոր է, որ Հայաստանում շփոթվել են, բայց ՀՀ-ն ունի դեսպանություն, և դժվարություն չկար՝ դեսպանության կողմից իմանալ ընթացակարգերը և տեղյակ պահել այստեղ.
«Շատ զարմանալի է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կարող է ուղղակի՝ առանց ճշտելու տեղեկատվությունը՝ պաշտոնական հաղորդագրություն ուղարկել»: Տեղի ունեցածը միայն կարելի է «փնթիություն» բառով բնորոշել:
Այս միջադեպը չափազանց լավ ցույց է տալիս, թե ինչ արդյունավետությամբ ենք մենք աշխատում, և, թերևս, որոշ մարդիկ իրենց տեղում չեն»: