Բաժիններ՝

«Հանդիսատեսը պետք է հասկանա, որ կյանքն իրեն շնորհված եզակի մի երևույթ է, ու պետք է լիաթոք ապրել». Իշտվան Սաբո

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակների արժանացած հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն (István Szabó) դեռևս 26 տարեկանում իր նկարահանած առաջին լիամետրաժ «Անրջանքի ժամանակը» ֆիլմով Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Արծաթե առագաստ» մրցանակի, այնուհետև Հունգարիայի կինոփառատոնում, որպես լավագույն ռեժիսոր, ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ՝ դառնալով 60-ականների հունգարական կինոյի նոր սերնդի առաջատար դեմքը: Արդեն 40 տարի Սաբոն շարունակում է մնալ հայրենի կինոարտադրության հիմնասյուներից մեկը: Արժանանալով եվրոպական կինոակադեմիայի եռակի և Կանադական կինոակադեմիայի «Ջինի» մրցանակի (ներկայացվելով 14 անվանակարգերում), առաջադրվելով երեք «Ոսկե գլոբուսի» (լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերով), Բեռլինի, Կաննի ու Վենետիկի կինոփառատոների բազմակի մրցանակակիր ռեժիսորը 1981թ. «Մեֆիստո» ֆիլմով արժանանում է նաև «Օսկար» մրցանակի։

«168 Ժամի» բացառիկ հարցազրույցում աշխարհահռչակ կինոռեժիսորն անդրադառնալով ժամանակակից կինոյի խնդիրներին՝ ասել է. «Այսօր կինոգործիչներն իրենց երևակայում են՝ որպես բժիշկներ, սակայն մոլորված բժիշկներ, ովքեր չգիտեն բուժման ձևերը: Ասում են ՝ դե´, թոքախտ ունես, հասկանալի է, բայց ի՞նչ անեմ՝ գնա´ տուն: Ախտորոշում են ու ուղարկում տուն: Դա բավարար չէ: Օրինակ, ես երբեք չեմ կարողացել ֆիլմ նկարահանել, որն ինքնասպանությունը կառաջարկի՝ որպես ելք: Ի վերջո, արվեստը պետք է տոնի ինչ-որ մի բան, իսկ միակ բանը, որ մենք կարող ենք տոնել՝ կյանքն է: Ուստի, պետք է հանդիսատեսին հնարավորություն ընձեռել, որպեսզի նա հասկանա, որ կյանքն իրեն շնորհված եզակի մի երևույթ է, ու պետք է լիաթոք ապրել:
…Պետք է զգույշ լինել՝ ելքեր առաջարկելու պարագայում: Չեմ ուզում հոլիվուդյան խոշոր կինոարտադրության ընկերության նախագահի դերը ստանձնել, ով միայն դրական ֆիլմեր է պատվիրում, բնավ ո´չ: Ուզում եմ միայն ասել, որ առհասարակ արվեստը՝ սկսած հույներից ու շարունակվելով մինչև Շեքսպիր, Մոցարտից ու Էյզեյնշտեյնից մինչև Բերգման, թվարկածս բոլոր դժվարություններով անցել է ու մնացել կյանքը տոն դարձնելու համոզմունքին: Ու երիտասարդ ֆիլմարտադրողներն էլ պետք է սա հասկանան, որ սեփական ընկճախտի ու խորը դեպրեսիայի մասին չպետք է ֆիլմեր նկարահանեն: Այդ դեպքում դուրս եկեք կինոյից ու լիաթոք շունչ քաշեք՝ արև կա, ի վերջո… մինչև կհասկանաք՝ արվեստն ինչի համար է»,- ասել է նա: 168.am-ի լրագրողի հարցին, թե որն է իր նկարահանած ֆիլմերից նախընտրելին, ռեժիսորը պատասխանել է. «Ես ընդունակ եմ փոխվելու, բայց չեմ կարծում, որ իմ ֆիլմերն իմ մեջ ինչ-որ բան կարող են փոխել: Ինձ վրա առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ կենդանի ապրող մարդիկ, նրանց հետ շփումը»:

Իշտվան Սաբոյի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս