«Մի՛ շտապեք մեծանալ: Երիտասարդությունն առավելություն է»
Հարցազրույց վիզաժիստ, Ռուսաստանի դեկորատիվ կոսմետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, «Դոլորես» ակադեմիայի մասնագետ, 18 ոսկե մեդալների դափնեկիր Նանարա Բերեզինայի հետ
Ռուսաստանի առաջատար վիզաժիստ, դեկորատիվ կոսմետիկայի ոլորտում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, «Դոլորես» ակադեմիայի մասնագետ, «Nanara Cosmetics. կորպորացիայի նախագահ, իր բնագավառում թվով 18 ոսկե մեդալների դափնեկիր, «Աշխարհի ոսկե մարզիչ» գավաթակիր, մեր հայրենակից Նանարա Բերեզինայի հետ 168.am-ի հարցազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ, այնուամենայնիվ, կինը պետք է ներքուստ գեղեցիկ լինի: Իսկ խնամված լինելն ու գեղեցիկ լինելու ցանկությունն առաջին հերթին՝ կնոջ ներքին լույսի և դրականի արտահայտումը պետք է լինի:
«Նայում եմ մեր գեղեցկուհի հայուհիներին և չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք բոլորը ցանկանում նույն դեմքն ունենալ: Շատերը դեռևս գտնվում են «Ջեյդ» սերիալի ազդեցության ներքո: Հոնքերը տատուաժ արած, ավելորդ մգեցված, խոշոր հայի գեղեցիկ աչքերն է՛լ ավելի ընդգծած՝ մատիտի կամ սուրմայի հաստ շերտով… Երիտասարդ աղջիկները քայլում են փողոցով այնպես, ասես տարիքով մեծ կանայք լինեն: Հիմնականում շատ ագրեսիվ դիմահարդարում են կրում բոլորը: Եվ բոլորը նույն դեմքն ունեն: Այդպես չի կարելի: Դիմահարդարումը պետք է արտահայտի և ընդգծի մարդու անհատականությունը: Իսկ մենք բոլորս տարբեր ենք և ուղղակի չենք կարող ունենալ նույն դեմքը»,- ասաց Նանարա Բերեզինան՝ անդրադառնալով հայուհիների դիմահարդարմանը վերաբերող մեր հարցին:
Նանարան զտարյուն հայուհի է, իսկ Բերեզինա ազգանունն ամուսնուց է փոխանցվել:
– Նանարա, սա Ձեր առաջի՞ն այցն է Երևան:
– Ոչ՝ երկրորդ: Անցյալ տարի հոկտեմբերին ևս եղել եմ այստեղ:
– Ինչո՞վ է պայմանավորված այս տարվա այցը:
– «Վարսահարդարների և դիմահարդարների միության» նախագահ Մարինա Առաքելյանի հրավերով եմ Հայաստանում: Սեմինարներ և 5-օրյա վարպետության դաս եմ անցկացրել այստեղ: Բացի այդ, որպես ժյուրիի անդամ՝ մասնակցելու եմ մայիսի 31-ին կայանալիք «Վարսահարդարման արվեստի և դեկորատիվ կոսմետիկայի» հոբելյանական 10-րդ միջազգային մրցույթին:
– Ինչպիսի՞ն է եղել Ձեր մուտքը գեղեցկության և վիզաժի աշխարհ:
– Ես կոսմետոլոգ եմ: Երբ սկսեցի իմ ուղին, «վիզաժիստ» բառն առհասարակ չէր գործածվում: Աշխատում եմ 1968 թվականից: Այո, այդքան դեռ ոչ ոք չի ապրել (Ծիծաղում է.- Ք.Մ.): «Վիզաժիստ» խոսքն ի հայտ է եկել 80-ականների վերջին: Տարբեր լեզուներում այն տարբեր կերպ է հնչում՝ ֆիզաժիստ, կոսմետոլոգ, makeup artist … Նրանք բոլորը գեղեցկացնում են մարդու դեմքը:
– Ե՞րբ եք կատարել Ձեր մասնագիտության ընտրությունը:
– 9-րդ դասարանի աշակերտուհի էի, երբ արդեն հանում էի բոլոր ընկերուհիներիս հոնքերը: Դպրոցն ավարտելուն պես արդեն գիտեի, որ պետք է գեղեցկացնեմ կանանց, ժպիտ և դրական էմոցիաներ պարգևեմ նրանց: Իմ հարազատները ցանկանում էին, որ ես լավ կրթություն ստանամ: Եվ ես ավարտեցի Բժշկական ուսումնարանը: Հետո արդեն սկսեցի զբաղվել իմ սիրած աշխատանքով:
– Ի՞նչ եք սովորեցնում վարպետության դասերի և սեմինարների ժամանակ:
– Փորձում եմ առաջնահերթ սովորեցնել դասականը: Պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է լավ տիրապետել տվյալ արվեստի հիմքերին: Ինչպես նաև՝ ծանոթացնում եմ հարսանեկան և երիտասարդական դիմահարդարման յուրահատկություններին: Հարսանեկան դիմահարդարման մեջ առաջնահերթ է ընդգծել հարսի ներքին փայլն ու երջանկությունը: Այդ օրը նա պետք է ամենագեղեցիկը լինի, և բոլորը պետք է նրան ասեն այդ մասին: Ինչ վերաբերում է երիտասարդական դիմահարդարմանը, ապա դրանում շատ կարևոր է տիրապետել չափի զգացողությանը: Ես դեմ եմ երիտասարդ դեմքի վրա ագրեսիվ և «մեծացնող» կոսմետիկային: Մի՛ շտապեք մեծանալ: Երիտասարդությունն առավելություն է:
– Ճանաչում ունեցող կանանցից ո՞ւմ հետ եք աշխատել:
– Չեմ ընդունել, երբ շահարկում են ճանաչված անձանց անունները՝ սեփական հեղինակությունը բարձրացնելու համար: Ես կարողացել եմ կայանալ իմ բնագավառում այնքան, որ կարիք չունեմ նման արհեստական հեղինակության: Բացի այդ, հաճախորդի հայտնի կամ անհայտ անձ լինելը դեր չի խաղում նրանց հանդեպ իմ տածած հարգանքի և վերաբերմունքի վրա:
– Դուք բազմամյա փորձ ունեք այս ոլորտում և տիրապետում եք այս բնագավառի գրեթե բոլոր մրցանակներին: Ի՞նչն եք համարում Ձեր հաջողության գրավականը:
– Հիշեք կարևորը. եթե կատարել եք մասնագիտության ընտրություն, ուրեմն մի վարանեք, մի կասկածեք, աջ ու ձախ մի արեք, գնացեք միայն առաջ՝ դեպի այդ նպատակը: Եթե հավատում եք, որ ճիշտ ճանապարհին եք, ապա Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Պետք է հարգել ընտրածդ մասնագիտությունը: Եվ պետք է միշտ հիշել, որ անհրաժեշտ է սովորել, զարգանալ և գնալ երազանքին ընդառաջ:
– Դուք ունեք նաև կոսմետիկայի Ձեր անվանական բրենդը՝ «Nanara Cosmetics»-ը: Երկար տարիներ լինելով այս բնագավառում՝ կարո՞ղ եք ասել, որ աշխարհում գոյություն ունի կոսմետիկա, դիմահարդարում, որը չի վնասում կնոջ դեմքը:
– Շատ քիչ տոկոս է կազմում այն կոսմետիկան, որ չի վնասում: Հիմա հիմնականում արտադրում են անորակ, էժանագին, մաշկն ավերող մասսայական կիրառման կոսմետիկա: Կինը պետք է շատ ուշադիր ընտրի այն նյութերը, որոնք հետո քսելու է իր դեմքին: Հայտնի չէ, թե ինչ նյութերից են պատրաստում այդ էժանագին կոսմետիկան: Պետք չէ խնայել սեփական առողջության վրա:
– Մեր դեմքը մեր այցեքարտն է:
– Միանշանակ՝ այո: Առողջ եղեք, սիրեք կյանքը: Իսկ կոսմետիկան և դիմահարդարումն էլ ավելի կընդգծեն Ձեր ներքին գեղեցկությունն ու հմայքը: