«Դուք պայծառ երիտասարդներ եք ու կասկած չունեմ, որ մեծ հաջողության եք հասնելու». Ռուբեն Վարդանյան
UWC Դիլիջան քոլեջում մայիսի 24-ին հանդիսավոր արարողությամբ ողջունեցին հայաստանցի այն 21 երիտասարդներին, ովքեր այս տարի UWC ցանցի քոլեջների ընդունելության մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել եւ 2015թ. օգոստոսից իրենց ուսումնառությունը կսկսեն ցանցի ութ քոլեջներում:
Միջոցառմանը ներկա էին UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, քոլեջին աջակցող բարերարներ, UWC Դիլիջան քոլեջի, UWC Հայաստանի ազգային կոմիտեի ղեկավարներ, UWC քոլեջների հայաստանցի շրջանավարտներ, ինչպես նաեւ նորընծա ուսանողներն ու նրանց ծնողները:
UWC Հայաստանի ազգային կոմիտեի համակարգող Դարյա Բրոդնիկովսկայան, ներկայացնելով ընդունելության արդյունքներն ու ընթացակարգը, նշեց, որ այս տարի մրցակցությունը բավականին թեժ է եղել: Ստացվել է շուրջ 170 դիմում, ընտրական երեք փուլերի արդյունքներով UWC ցանցի քոլեջների ուսանողներ են դարձել 21 երիտասարդներ Երեւանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Դիլիջան քոլեջում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդեռլանդների UWC քոլեջներում:
Բոլոր 21 երիտասարդներին ուսումնառության համար ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ է տրամադրվելու բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի, «RD գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ադիբեկյանի եւ «Ամերիա գրուպ» ընկերության աջակցությամբ:
Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով ապագա ուսանողներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ նրանց նորամուտի արարողությունն արդեն ավանդական տոն է դառնում: Նա կարեւոր համարեց, որ նրանք լինեն ոչ միայն հայկական մշակույթն ու ավանդույթները կրողը, այլ նաեւ փոխանցողը: «2015-ը շատ պատասխանատու տարի է Հայաստանի համար, որովհետեւ այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, բայց պատասխան տալու միակ տարբերակը ուժեղ լինելն է եւ հաջողության հասնելը: Դուք պայծառ երիտասարդներ եք ու կասկած չունեմ, որ մեծ հաջողության եք հասնելու եւ ուր էլ գնաք` արժանի կերպով կներկայացնեք Հայաստանը եւ հայերին»,- նշեց նա:
Ռ. Վարդանյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ներկա բարերարներին, ովքեր աջակցում են ոչ միայն հայ, այլեւ մյուս ուսանողներին UWC-ի քոլեջներում կրթաթոշակների տրամադրման հարցում: «Մեծ երջանկություն է, երբ կան մարդիկ, ովքեր կիսում են քո երազանքները քեզ հետ միասին, համատեղ իրականացնում նախագծերը»,- ավելացրեց նա:
Քոլեջի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նկատեց, որ այս օրը երիտասարդների համար դառնում է նոր կյանք սկսելու հնարավորություն: «Այս ամենը հնարավոր է դարձել մի շարք մարդկանց ջանքերի, փորձի, գիտելիքների, սիրո շնորհիվ: Ընտրական գործընթացը նույնպես սովորական չէ, այն պարզապես գիտելիքների ստուգման թեստ չէ, այլ յուրօրիանակ փորձ, որը դուք ձեռք եք բերում: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ արվում է սիրով, եւ դրանում ներգրավված մարդիկ իսկապես հավատում են նրան, ինչ անում են»,-նշեց Վ. Զոնաբենդը:
Նա նաեւ շնորհակալագրեր հանձնեց ուսանողների ընտրական գործընթացում ներգրավված անձանց:
Իսկ UWC Հայաստանի ազգային կոմիտեի կողմից նվերներ հանձնվեցին ապագա ուսանողներին: Նրանց ողջունեց նաեւ UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը. «Ուզում եմ դիմել ծնողներին: Մի սպասեք, որ երկու տարի անց ձեր երեխաները նույն բնավորությամբ տուն կվերադառնան: Ոչ, նրանք վերադառնալու են ավելի հասուն, ուժեղ, խելացի ու փորձառու»:
Միջոցառման շրջանակում բացվեցին նաեւ քոլեջի տարածքում տեղադրված ցուցատախտակները, որոնցում երախտագիտություն է հայտնվում բարերարներ Արման Ոսկերչյանին եւ Քրիստինա Տեր-Ղազարյանին՝ քոլեջի բժշկական կենտրոնին անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու եւ Զիավուդին Մագոմեդովի «PERI» բարեգործական հիմնադրամին՝ քոլեջի թենիսի դաշտի կառուցմանն աջակցելու համար:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին