Աշգաբադում տեղակայել են նախագահ Բերդիմուհամեդովի արձանը
BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղադրել են նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, ով երկիրը ղեկավարում է 2007 թվականից, առաջին արձանը:
Օսկեզօծ հուշարձանի բարձրությունը կազմում է 21 մետր, պետության ղեկավարը պատկերված է ձիու վրա նստած և աջ ձեռքը վեր բարձրացրած վիճակում:
Հանդիսավոր բացումն Աշգաբադում անցկացվել է այսօր՝ Քաղաքի օրը: Հուշարձանի բացման մասին որոշումն ընդունել է երկրի խորհրդարանը՝ դրանով իսկ ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին:
Ի տարբերություն իր նախորդի՝ Սափարմուրատ Նիյազովի, որի կենդանության օրոք երկրում կառուցվել են հարյուրավոր վիթխարի հուշարձաններ, Թուրքմենստանի ներկայիս առաջնորդը ցայժմ զերծ էր մնացել իրեն նման ձևով հավերժացնելուց: