Հովհաննես Մանուկյանը՝ ՄԻՊ-ի գնահատականների մասին
«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները մենք շատ լրջորեն ուսումնասիրում ենք և ինչպես որևէ այլ խողովակ, հատկապես մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացվող ահազանգերը մեզ համար կարևոր են, որպեսզի կարողանանք հրատապ ձևով ֆիքսել խնդիրները և այդ խնդիրներին լուծում տանք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք համաձա՞յն է ՄԻՊ գրասենյակի կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խախտումների հետ:
Նրա խոսքով՝ խնդիրները և համակարգային են, և կոնկրետ իրավիճակի արդյունք: «Ես չեմ համաձայնի միայն այն բանի հետ, որ իրավիճակն անմխիթար է և որ իրավիճակը շատ ավելի վատն է, քան մենք ունեցել ենք ենթադրենք կես տարի առաջ, մեկ տարի առաջ կամ երկու տարի առաջ: Այդ համակարգային խնդիրները ժամանակի ընթացքում պիտի լուծվեն: Լուծման մի շարք ճանապարհներ կան: Ճանապարհներից մեկը՝ սկսել օրենսդրությունից: Մենք քրեակատարողական օրենսգրքի նոր նախագիծ ենք նախաձեռնել ստեղծելու, որը քրեական և քրեադատավարական օրենսգրքերին համահունչ ԱԺ կողմից ենթադրվում է, որ այս տարեվերջին կսկսի քննարկվել:
Այս քրեակատարողական օրենսգիրքը լինելու է այն օրենսդրական գործիքը, որով մենք փորձելու ենք բազմաբնույթ խնդիրներ, որոն այսօր առկա են՝ սկսած նույն պայմանական վաղակետ ազաման ինստիտուից վերջացրած կենցաղային պայմանների կանոնակարգման հարցերով, լուծումներ տալ: Երկրորդ հարցադրումը եղած ռեսուրսներից զատ, այլ լրացուցիչ ռեսուրսներ ստեղծելու հրամայականն է, առանց որի մենք չենք կարող նորմալ կենցաղային պայմաններ ստեղծել դատապարտյալների համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ այսօր արդեն գրեթե 200 դատապարտյալ տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, մոտ ժամանակներս առաջին մասնաշենքն իր ամբողջ ծավալով կսկսի գործել:
«Մինչև այս տարվա վերջ մենք շահագործման ենք հանձելու նաև «Արմավիրի» մնացած հատվածը, որը ևս 800 դատապարտյալով ծանրաբենռվածությունը կվերցնի իր վրա: Արդյունքում մենք հնրավորություն կունենանք 1200 դատապարտյալի մինչև այս տարվա վերջ կամ մինչև 2016թ. սկիզբ տեղափոխել, և մնացած 11 քրեակատարողական հիմնարկները կսկսեն շնչել, այսպես ասած»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում բուժական ծառայությունների մասով խնդիր կա:
«Դա և՛ վերաբերվում է «Դատապարյալների հիվանդնոց» քրեակատարողական հիմնարկին, և՛ բուժծառայություններին, բուժմասերին, որոնք կան այլ քրեակատարողական հիմնարներում: Խնդիրը վերաբերում է ինչպես տեխնիկական հագեցվածությանը (այստեղ սարքավորումները, տեխնիկական հնարավորությունները շատ սահմանափակ են), նաև կադրային խնդիրներին, որովհետև մենք քրեակատարողական համակարգից շատ մեծ հոսունություն ունենք, որովհետև առանձին հերթին որակյալ բժիշկները սովորաբար մեծ ցանկություն չունեն գալ, քրեակատարողական հիմնարկում աշխատել: Նկատի ունեմ ֆինանսական մոտիվացիան, որովհետև աշխատավարձերը ցածր են, մենք չենք կարողանում բժիշկներին բարձր վարձատրել»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ նշելով, որ ամեն մարդ կամավոր պատրաստ չէ աշխատել նման պայմաններում, նման կոնտիգենտի հետ: