«Կողմ» քվեարկելու սակագինը

Երեկ Ազգային ժողովում բավական լարված իրավիճակ է ստեղծվել՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի հետ: Գրեթե բոլոր ոչ իշխանական պատգամավորները ցանկացել են անդրադառնալ այդ հարցին, ինչը բավական նյարդայնացրել է մեծամասնությանը: Վերջինս, ի դեպ, տապալել է ԱԺ-ում էներգետիկ համակարգի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն արտահերթ քննարկելու՝ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը. Խմբակցության ստորագրահավաքին միացել է ընդամենը 17 պատգամավոր:

Բացի ՀՀԿ-ից, այդ նախաձեռնության տակ չեն ստորագրել նաև «Բարգավաճ Հայաստան» ու ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ամեն մեկը՝ իր հիմնավորումներով: Միաժամանակ ՀՀԿ-ն հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով առաջիկայում խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին: Թե ի՞նչ կարող էր տալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, կամ ի՞նչ կարող են տալ խորհրդարանական լսումները, դժվար է ասել: Իհարկե, դրանց ընթացքում հերթական անգամ կբացահայտվի՝ ինչպես են թալանել ՀԷՑ-ի միջոցները, ինչպես է սնանկացել մոնոպոլիստ այս ընկերությունը, և այլն:

Բայց, ի վերջո, խոսքը ռուսական ընկերության մասին է, որի՝ սակագինը բարձրացնելու հայտը, ի վերջո, ավելի կամ պակաս չափով բավարարվելու է: Որովհետև ներկայացնողը ռուսական ընկերություն է, իսկ Հայաստանում և՛ իշխանությունը, և՛ ոչ իշխանությունը բավարարում են ռուսական ցանկացած պահանջ:

Ընդ որում, ցանկացած պահանջ ներկայացնելու այդ իրավասությունը ռուսներին տվել է նույն Ազգային ժողովը՝ գրեթե միաձայն վավերացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Տեսանյութեր

Լրահոս