«Արևելյան գործընկերությունը» չափազանց մեծ ռիսկի տակ է. Ստեփան Սաֆարյան
«ԱլԳ-ն կարող է ավելի արդյունավետ լինել միգուցե այլ տեսքով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագային: Մասնավորապես, մեկնաբանելով գնահատականները, թե ծրագիրը տապալվել է, Սաֆարյանն ասաց, որ ԱլԳ ծրագիրը ոչ թե տապալված է, այլ չափազանց մեծ ռիսկի տակ է:
Սակայն նա փորձեց պարզաբանել`արդյո՞ք ԱլԳ-ն ի սկզբանե չէր նախատեսել այն, ինչ տեղի ունեցավ: Սաֆարյանի համոզմամբ` Եվրոպան միամիտ չէ, և մոտավոր պատկերացում կար, որ այսպիսի խնդիրների առջև կկանգնի: «2012թ. սկսած ռիսկեր եվրոպացիները տեսնում էին: Ի սկզբանե, երբ Հայաստանը և մյուս երկրները բանակցում էին Ասոցացման պայմանագրի շուրջ, Հայաստանի օրինակով հիանում էին: Բայց եթե դուք տեսնեք այն գնահատականները, զեկույցները, որոնք կազմվել են 2008-2009թթ., կտեսնեք, որ Հայաստանի հետ կապված վերապահումներ են եղել, որ՝ այո, այս երկիրը ցանկանում է համագործակցություն խորացնել ԵՄ-ի հետ, չի ցանկանում դառնալ ԵՄ անդամ և ունի անվտանգության խնդիրներ և ունի անվտանգության այլ առաջնահերթություններ, այդ թվում՝ նրա անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այսինքն` ռիսկերը կանխավ ապահովագրված են եղել: ԱլԳ-ն ի սկզբանե իմացել է բոլոր ռիսկերի մասին, գործընթացն այնքան թունավոր միջավայրում չէր զարգանում, քանի որ չկար կտրուկ լարվածություն ՌԴ-ի և Արևմուտքի միջև, և այդ ռիսկերն այդքան էլ լավ չէին երևում, բայց, իհարկե, ԵՄ-ն մի կողմից՝ ձգտում էր առավելագույն արդյունքի, որ մի կողմից Ուկրաինան և Հայաստանը ձգտում են ԵՄ-ի հետ մերձեցման, բայց կան ռիսկեր: Ոչ թե կասեմ, որ գործընկերությունը տապալված է, այլ կասեմ, որ չափազանց մեծ ռիսկերի տակ է այդ քաղաքականությունը և իր առավելագույն նպատակին հասնելու փոխարեն՝ հասել է նվազագույն նպատակների: Ի վերջո, այն երկրները, որոնք ցանկանում էին խորացնել` Մոլդավան, Ուկրաինան և Վրաստանը, թանկ գին վճարելով՝ գնացին այդ ուղղությամբ, այսինքն` ԱլԳ-ն, միևնույնն է, իր նվազագույն նպատակին հասել է: Բայց թե ինչպես կշարունակվի այն, դժվար է ասել»,- մեկնաբանեց Սաֆարյանը:
Վերջինս հիշեցրեց օրերս Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի դիտարկումներն այն մասին, որ ԵՄ-ն կարող է հարաբերությունների նոր ձևաչափ ստեղծել «Արևելյան գործընկերության» այն երկրների համար, որոնք միության հետ սերտ ինտեգրում չեն ցանկանում: Ըստ նրա՝ այդ հայտարարությունը ևս վկայում է, որ եվրոպացիներն իրենք էլ տեսնում են՝ ԱլԳ-ն արդեն շատ ռիսկային գործընթաց է դարձել, ցանկանում են տրանսֆորմացնել, անուն փոխել, մեղմել ռուսական արձագանքը, քանի որ ՌԴ-ն արդեն երկրորդ ԱլԳ գագաթաժողովի դեպքում կտրուկ հայտարարում է, որ այն դեմ է իր շահերին, իսկ ԵՄ-ն չի կարողանում ՌԴ վախերը փարատել: «Այն միգուցե տրանսֆորմացվի և շարունակություն ունենա այլ տեսքով: Այս կտրվածքով ԱլԳ-ն կունենա ապագա: Ես կարծում եմ, որ սխալներ թույլ տրվեցին երկու կողմից էլ, բայց գուցե այլ տեսքով ծրագիրն ավելի արդյունավետ լինի»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: