Բաժիններ՝

Բորիս Նեմցովի սպանության լուրը հարուցել է Պուտինի զայրույթը. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին լուրը հարուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զայրույթը: Այս մասին գործակալությանը հայտնել են 4 իրազեկ աղբյուրներ: Աղբյուրներից մեկը վստահեցրել է, որ Պուտինն էլ ավելի է մտահոգվել, երբ իմացել է սպանության չեչենական հետքի մասին:

Գործակալությունն ընդգծում է, որ Պուտինը, չեչեն ծայրահեղականների դեմ պայքարում Կադիրովին տալով գործողությունների լիակատար ազատություն, թույլ է տվել հանրապետությունում սահմանել այնպիսի ռեժիմ, որն անգամ չեչենական իշխանության նախկին ներկայացուցիչները, ինչպիսին է Բիսլան Գանտամիրովը, անվանում են կոշտ ոստիկանապետություն:

Նեմցովի սպանությունից անմիջապես անց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպանության համար մեղադրեց արևմտյան հատուկ ծառայություններին: Նա Instagram-ում գրեց. «Նման նենգ քայլի կարող էին դիմել միայն այն ուժերը, որոնք շահագրգռված են լարվածության սրմամբ:

Սպանության կազմակերպիչները հուսով են, որ Նեմցովի սպանության համար համայն աշխարհը կմեղադրի երկրի ղեկավարությանը և կառաջանա բողոքի ալիք: Անկասկած է, որ Նեմցովի սպանությունը կազմակերպել են Արևմուտքի հատուկ ծառայությունները, որոնք ձգտում են ամեն կերպ ներքին հակամարտություն հրահրել Ռուսաստանում»:

Կարդացեք նաև

Մարտի 8-ին էլ Չեչնիայի ղեկավարը, մեկնաբանելով Զաուր Դադաևի ձերբակալումն ու կալանավորումը,  Instagram-ում գրել է. «Ես ամուր համոզված եմ, որ նա (Զաուր Դադաևը) անկեղծ նվիրված է Ռուսաստանին և պատրաստ է իր կյանքը տալ Հայրենիքին: Ես Զաուրին ճանաչել եմ որպես Ռուսաստանի իսկական հայրենասեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս