Նաիրա Զոհրաբյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Հայտարարությունը տեղին էր»

«Երևի կան որոշակի հանգամանքներ, որ նախագահն արեց այդ հայտարարությունը հենց հիմա»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը հենց հիմա հանդես եկավ հայտարարությամբ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, նման տեսակետ հայտնեց ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ առաջնոդի խոսքով՝ Ադրբեջանն իր «ռազմասանձարձակ» հայտարարություններում անցել է բոլոր սահմանները, և այդ մասին հրապարակավ հայտարարում են միջազգային կառույցներում. «Ավելին, ամենաբարձր մակարդակով արհամարհում է միջազգային բոլոր կառույցների կոչերը, դա ակնհայտ փաստ է, և, այո, նման հայտարարություն անպայմանորեն պետք է հնչեր, որովհետև դաշնակցային հարաբերություններն այլ որակի հարաբերություններ են ենթադրում, և ես տեղին եմ համարում այս պահին նման հայտարարության բարձրաձայնումը»:

Հարցին՝ այդ հայտարարությունը կարո՞ղ է ինչ-որ ձևով ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ չի կարծում. «Որովհետև խոսքը 2 ռազմավարական դաշնակիցների մասին է, և դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում, որ դաշնակիցներից մեկը պետք է նման քանակությամբ և նման որակի զենք մատակարարի մեր թշնամի երկրին»:

Հարցին էլ՝ հաշվի առնելով նաև այն, որ Աստանայում ԵՏՄ անդամ երկրների կայանալիք հանդիպմանը Հայաստանը մինչև հիմա պաշտոնապես հրավեր չի ստացել, ըստ Ձեզ՝ նախագահի այս հայտարարությունն արդյոք չէ՞ր նշանակում նաև, որ հավանականություն կա, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գա և գնա Եվրոասոցացման ճանապարհով, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց.

«Ես չէի շտապի հայտարարություններ անել ԵՏՄ-ից դուրս գալու մասին, որովհետև դրա մասին խոսակցություն չկա, բայց, որ Հայաստանը հստակ պետք է իր հարաբերությունները խորացնի Եվրոպական Միության հետ, դա միանշանակ է, և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Եվ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, շատ մեծ ակնկալիքներ և սպասելիքներ ունեմ Ռիգայի գագաթաժողովից, որտեղ հույս ունեմ՝ կհստակեցվի և կամրագրվի Հայաստան-Եվրամիություն իրավական հարաբերությունների նոր փաստաթուղթ»:

Ն. Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ-ի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (որի նախագահը հենց Ն. Զոհրաբյանն է) նախատեսում է անցկացնել խորհրդարանական լսումներ մինչև Ռիգայի գագաթաժողովը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչ հիմնական ուղղություններ և ոլորտներ պետք է ընկած լինեն Հայաստան-Եվրամիություն ապագա իրավական փաստաթղթի հիմքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս