Օբաման ցանկանում է պարտադիր դարձնել ընտրություններին քաղաքացիների մասնակցելը
Meduza-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քլիվլենդում հասարակական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել պարտադիր քվեարկելու համակարգին, որի դեպքում ընտրություններին մասնակցելը կլինի ոչ միայն ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների իրավունքը, այլև՝ պարտականությունը:
Օբաման հայտարարել է, որ քվեարկության այդ համակարգը կարող է էականորեն ազդել երկրի քաղաքական քարտեզի վրա: Օբամայի կարծիքով՝ պարտադիր քվեարկությունը կօգներ նաև թեկնածուների հնարավորությունները հավասարակշռելուն, որոնց հաջողությունն ընտրություններում ներկայումս զգալիորեն կախված է ընտրական հիմնադրամներում միջոցներ ներգրավելուց.
«Եթե քվեարկի յուրաքանչյուր ոք, ապա դա ամբողջովին կփոխի երկրի քաղաքական քարտեզը»: 2014 թվականի վերջին անցկացվել են ԱՄՆ կոնգրեսի վերին ու ստորին պալատների միջանկյալ ընտրություններ, որոնց մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 37 տոկոսը:
Պարտադիր քվեարկման համակարգը գործում է աշխարհի ավելի քան 20 երկրում, այդ թվում նաև Ավստրալիայում, Արգենտինայում, Բելգիայում ու Բրազիլիայում: