Ադրբեջանում լուծում չեն ստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները. Նիլս Մույժնիեքս
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը 50 կետից բաղկացած փաստաթուղթ է հղել ՄԻԵԴ-ին՝ կապված Ադրբեջանում կալանքի տակ առնված Ինթիգամ Ալիևի գործի հետ:
Եվրահանձնակատարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների դրության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկրում լայն տարածում է գտել իշխանություններին քննադատող մարդկանց քրեական հետապնդման պրակտիկան:
Մույժնիեքսը կարծում է, որ Ադրբեջանում լուծում չեն ստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները՝ չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ջանքերին:
Մույժնիեքսը հիշեցրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Քյուրդահանի մեկուսարանում հանդիպել է իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի հետ, և այդ այցի ու մոնիթորինգի ժամանակ ի հայտ է բերել Ադրբեջանում խոսքի ազատության, ազատ հանրահավաքներ անցկացնելու ոլորտներում առկա մի շարք լուրջ խնդիրներ:
Եվրահանձնակատարն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել նշված իրավունքներն ու ազատել իրենց արտահայտությունների համար կալանավորված անձանց: Նա նաև մտահոգ է նրանից, որ Ադրբեջանում կամայականորեն որպես խափանման միջոց են ընտրում կալանքը. «Կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվել է քննադատողների դեմ պատժի գործիքի»: