Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի առևտրային խոշորագույն գործընկերներն են. Մարգվելաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Կարսում մասնակցել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման մեկնարկի արարողությանը, որին մասնակցել են նաև Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները:
Մարգվելաշվիլին հայտարարել է. «Էներգետիկ ոլորտում Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հաջող համագործակցությունը լավ հիմք է Կասպյան տարածաշրջանի մյուս երկրների հետ բանակցությունները խորացնելու համար՝ կոնկրետ նախագծեր նախաձեռնելու նպատակով:
Հենց տարածաշրջանի երկրների հետ սերտ համագործակցությունն է պայման հանդիսանում ԵՄ-ին էներգոռեսուրսներ մատակարարելը դիվերսիֆիկացման և ԵՄ-ի էներգոանվտանգության համար: Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են առևտրային-տնտեսական ոլորտում:
Վրաստանի համար Թուրքիան ու Ադրբեջանը առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են՝ համաձայն նախորդ տարվա տվյալների: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առևտրային-տնտեսական հարաբերությունների խորացման պոտենցիալն էլ ավելի մեծ է: Վրաստանի տնտեսության համար ռազմավարական կարևորություն ունեն միջազգային նախագծերը»: