«Ես համաձայն եմ, որ մենք դադարեցնենք պառլամենտական համակարգին անցնելու մեր բոլոր հնարավորությունները և հնարավորություն տանք ՀԱԿ-ին՝ ևս 7 տարի Սերժ Սարգսյանին հեռացնել». Արարատ Զուրաբյան
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին հարցրեց, թե ըստ նրա՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը, որի անդամները (նաև նախկին ՀՀՇ-ականներ) իրենց համարում են լիբերալ հայացքներ ունեցող ուժ, չի մասնակցում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Ի պատասխան՝ Ա. Զուրաբյանն ասաց, թե կարծում է՝ ավելի կոռեկտ կլինի այդ հարցն ուղղել ՀԱԿ-ի ղեկավարությանը: Նա անդրադարձավ միայն ՀԱԿ-ի լիբերալ և ոչ լիբերալ լինելուն:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ի անդամները նախկինում եղել են ազատական հայացքների կրող. «Հետո ժամանակի ընթացքում մամուլում բազմաթիվ անգամներ խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ընդհանրապես խորքային առումով իրենից ներկայացնում է սոցիալ-դեմոկրատական ուժ, հետո ընդունվեց ՀԱԿ-ի ծրագիրը և կանոնադրությունը, որտեղ սոցիալ-լիբերալ ուղղվածություն էր, և այլն: Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում՝ ինչքանո՞վ է լիբերալ ՀԱԿ-ը, չեմ պատկերացնում, որ լիբերալ ուժը կարող է պաշտպանել ռուսական իշխանությունների նախաձեռնությունն այս տարածաշրջանում, կողմ լինել ԵՏՄ-ին՝ մերժելով Եվրոպական ասոցիացումը, նման լիբերալ ուժը կարող է լինել Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Եթե դա լիբերալ ուժ է, ուրեմն՝ ընդունենք այդպես»:
Հարցին՝ ճի՞շտ մոտեցում է ՀԱԿ-ի պատճառաբանությունը, որ եթե Ս. Սարգսյանն է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները, ապա իրենք չեն մասնակցում այդ գործընթացին, Ա. Զուրաբյանն այսպես պատասխանեց.
«Ես համաձայն եմ, որ մենք դադարեցնենք պառլամենտական համակարգին անցնելու մեր բոլոր հնարավորությունները և հնարավորություն տանք ՀԱԿ-ին՝ ևս 7 տարի Սերժ Սարգսյանին հեռացնել: Եթե ՀԱԿ-ը հեռացնի Սերժ Սարգսյանին, ասենք, կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո մենք կլսենք նրա ելույթը, որ ինքը մոտեցումներ ունի, որ պառլամենտականը լավ է, բայց կիսանախագահականն ավելի լավ է: Ես կարծում եմ՝ այս ճանապարհով չպետք է ընթանանք: Այստեղ անձնավորման խնդիր չկա, եկեք մի բան ֆիքսենք՝ վաղը Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից այս կամ այն ճանապարհով, եթե Սերժ Սարգսյանին փոխարինի Գալուստ Սահակյանը կամ Հովիկ Աբրահամյանը, այս համակարգում որևէ փոփոխություն չի լինի, այս համակարգը նույն կանոններով կաշխատի, կլինի նույնը, Հայաստանն էլ կտանի նույն կործանարար ճանապարհով»:
Ըստ նրա՝ հիմա հնարավորություն կա Հայաստանում համակարգային փոփոխություն իրականացնել. «Ասում եք՝ «հավատո՞ւմ եք նրան, որ Սերժ Սարգսյանն իրոք հակված է…». Իհա՛րկե չեմ հավատում, իհա՛րկե մտածում եմ, որ ամեն ինչ, ինչ անելու է Սերժ Սարգսյանը կամ այս իշխանությունը, փորձելու է ծառայեցնել իր նպատակներին: Հիմա փորձե՞նք ինչ-որ բան անել, որ դա չստացվի, փորձե՞նք ինչ-որ բանով շտկումներ մտցնել այստեղ, փորձե՞նք մեր տեսակետներն արտահայտել, թե՞ ասել՝ մենք գնում ենք տուն, լռենք, սպասենք՝ ինչ կանի Սերժ Սարգսյանը, թող նա էլ անի»: