Թուրքիան կարող է դիմել միջնորդ դատարան՝ կապված ռուսական գազի գնի հետ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվել է Ռուսաստանի գազային առաջարկից: Թուրքական BOTAŞ ընկերությունը հրաժարվել է ռուսական «Գազպրոմի» հետ ստորագրել համաձայնագիր, որով թուրքական կողմը գնած ռուսական գազի համար կստանա 10.25 տոկոսանոց գազային զեղչ:
Թուրքական կողմն ընդգծել է, որ իրեն ձեռնտու չէ զեղչի այդ չափը և պահանջում է ավելին: Ակնկալվում է, որ թուրքական կողմը երկրին մատակարարվող ռուսական գազի գնի զեղչման հարցով դիմելու է միջնորդ դատարան:
Փետրվարի 27-ին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Թուրքիային մատակարարվող ռուսական գազի գինը 10.25 տոկոսով զեղչելու մասին:
Թուրքիան տարեկան մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում Ռուսաստանից: Նախորդ տարի Թուրքիան հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարել է 340 դոլար: Ռուսական կողմը համաձայնվել է այն նվազեցնել մինչև 306 դոլարի: