Րաֆֆի Սեմերջյան. ««Քարֆուրը» նոր լուծումներ է առաջարկելու հայ սպառողներին և արտադրողներին»
Այսօր Երևանում բացվելու է «Քարֆուր» մանրածախ առևտրի խոշոր ընկերության հայաստանյան մասնաճյուղը: «Քարֆուրի» հայաստանյան մուտքը, ներդրումային գործի փորձագետ, «Management Mix» խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի համոզմամբ, մրցակցելու նոր մշակույթ է պարտադրելու Հայաստանին և օգնելու է բարելավել սպասարկման որակը:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մանրածախ առևտրի ոլորտում մասնագիտացած համաշխարհային հսկայի ներկայությունը հայաստանյան տնտեսության մեջ, հայ սպառողներին և արտադրողներին նոր լուծումներ առաջարկելու քայլ կարող է դառնալ:
««Քարֆուր Հայաստանը» նոր մշակույթ է պարտադրելու գործարարության և մանրածախ առևտրի ոլորտում: Մոտ երկու տարի գործընկերները, հաճախորդները, մատակարարներն ու մրցակիցները սպասում էին «Քարֆուրին»:
Բացի ավանդական ու մեզ քաջածանոթ ապրանքներից, «Քարֆուրը» նոր ապրանքատեսակներ կբերի Հայաստան, որոնք հայերին դուր կգան: Ցանցի ներմուծման հավելյալ արժեքը կլինի նաև տեղական արտադրանքներ գնելը, և անշուշտ նրա գործունեությամբ կկիրառվեն մարքեթինգի և հաղորդակցության նորարար մոտեցումներ:
Մրցակիցները ստիպված են լինելու բարձրացնել իրենց սպասարկման որակը և առաջնորդվել մարքեթինգային նոր ոգով ու մեթոդներով, որպեսզի համապատասխանեն «Քարֆուրի» ստանդարտներին: Մատակարարներն ու արտադրողները նույնպես ստիպված են լինելու ընդունել նրանց մոտեցումներն ու պահանջները` պահպանելով ապրանքների որակն ու առաքման ժամկետներն ու քանակները: Եվ անշուշտ այստեղ շահելու են հիմնական շահառուները` սպառողները:
Որակը, ընտրության բազմազանությունը և լավագույն գները հայ սպառողների ձեռքբերումն են լինելու, որոնք նրանք ստանալու են «Քարֆուրի» հայաստանյան մուտքով»,-168.am-ին հայտնեց Րաֆֆի Սեմերջյանը:
Անուշ Թրվանց