«Ընտրյալների փակ ակումբը» բառացիորեն չի թողնում նոր շունչ, նոր արյուն մտնի Հայաստան. Հարություն Մեսրոբյան

Հայաստանն այսօր ունի սարսափելի վատ կառավարում, սարսափելի անորակ ընդվզում և պարբերաբար հիասթափվող ժողովուրդ: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով, այս ամենից ելքեր կան, և հասարակությունը պետք է վերջապես իր  պահանջները փոխի, պարտադրի, որպեսզի ասպարեզ գան իսկապես պրոֆեսիոնալները: «Պետք է պահանջենք, որ բոլոր ձախողումների հեղինակները պատասխաններ տան, սկսենք ընդդիմադիր դաշտից, ընդդիմադիր դաշտում պարտվողը պատասխան չի տալիս, պարտվում, գնում է՝ սվաղվում է, իսկ որոշ ժամանակ անց մարդիկ նորից են գնում նրանց հետևից»,- ասաց նա:

Ըստ փորձագետի, Հայաստանում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել.  իշխանություններն ու ընդդիմությունը մեկը մյուսին արժեն, եթե կան բազմաթիվ վատ դրսևորումներ, որոնք տևում են արդեն 25 տարի, ուրեմն յուրաքանչյուրս մեր պատասխանատվությունն ունենք այդ հարցում:

«1991 թվականից թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում գործողություններն արդյունք չեն տվել, պետության կառավարման հարցում համար մեկ ցուցանիշն արդյունքն է, կառավարողներն իրենց գործունեությունը տապալում են և որոշ ժամանակ անց մարդիկ գնում են նորից իրենց հետևից: Հիմա էլ մեկ այլ արտահայտություն են շրջանառության մեջ դրել՝ տակտիկական նահանջ: Ավելի լավ է ընդունել պարտությունը, պարտությունն ընդունելը հասարակության մեջ ավելի լավ կգնահատվի»,- նկատեց Մեսրոբյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով, 1991 թվականից ստեղծվել է, այսպես կոչված, «ընտրյալների փակ ակումբ», որը բառացիորեն չի թողնում նոր շունչ, նոր արյուն մտնի Հայաստան և ճնշում է ցանկացած նոր շարժում: «Մենք՝ հայերս, ինչ վերաբերում է մեր կենցաղին, անձնականին, պրագմատիկ ենք, իսկ պետության կառավարման հարցում մենք դառնում ենք 10 տարեկան ռոմանտիկ երեխա, դրա համար մեզ խաբում են»,- նշեց նա:

Կառավարման մասնագետը համոզված է, որ ինչ պահանջում ես, այն էլ ստանում ես, այն, ինչ ունենք, ուրեմն՝ դա է մեր պահանջարկը, հնարավոր չէ բարձր պահանջ դնեք, ցածր բերքատվություն ունենաք»,- ավելացրեց բանախոսը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս