«Իշխանությունն ասաց՝ Գագիկ Ծառուկյան, դա ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»
«Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն վերադարձվեց 2007 թվականի ռելսերի վրա»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է մի կուսակցություն, որը ստեղծվել է պարզապես քաղաքական դաշտում զբաղեցնելու և վերցնելու այն քվեները, էլեկտորատը, որն այս կամ այն կերպ երբեք ձայն չի տա Հանրապետական կուսակցությանը.
«Ի սկզբանե ինքը նախատեսված էր լինել բուֆեր՝ չսպառնալով երբեք իշխանության հիմքերին: Այս տարի ակնհայտորեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտ ներկայացրեց, որ ինքը ուզում է դուրս գալ պրոյեկտ լինելու փուլից և ուզում է լինել քաղաքականության սուբյեկտ, որովհետև ինքը ուզում էր որոշել՝ ով պետք է իշխի երկրում, ով պետք է կառավարի: Այս կտրվածքով, իհարկե, դա չէր կարող ներվել, և բնականաբար այն, ինչ տեղի ունեցավ, հետևյալն է ՝ Գագիկ Ծառուկյան, դա ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»:
Ս. Սաֆարյանը նշեց, որ թեև հայտարարվեց, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, բայց իշխանությանը նրա ընդդիմադիր լինելը շատ ավելի քիչ է հետաքրքրում, քան այն հավակնությունները, որոնք ուներ Գագիկ Ծառուկյանը, և որի համար հասկացվեց, որ կուսակցությունը իրեն չի պատկանել և իրեն չի պատկանում.
«Իրականում սա ոչ քաղաքական մի կռիվ էր, և այս պարադոքսը, որ ծագեց, հիշեցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կոնցեպցիան, որը հրապարակեց գրեթե մեկ տարի առաջ Հանրապետական կուսակցությունը: Այնտեղ գրված էր, որ նոր կառավարման կարգում պետք է բացառել պատահական մարդկանց իշխանության գալը: Այսինքն՝ մենք կարծես ունենք թուրքական պետության նման խորքային պետություն՝ պետություն պետության մեջ կամ զուգահեռ պետություն, որտեղ ինչ-որ մարդիկ որոշում են, թե ով կարող է լինել իշխանություն և ով չի կարող լինել: Եվ ահա, Գագիկ Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ ինքն էլ է ուզում լինել որոշողների մեջ, այն դեպքում, երբ ինքը չկար այդ ցանկում»:
Հարցին՝ այսինքն՝ իշխանությունն ասաց՝ «իմ կուսակցությունն է, տո՛ւր ի՞նձ», Ս. Սաֆարյանը ասաց. «Այո: Եվ ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն, ինչպես արդեն շատ հստակ նշաններ ցույց տվեց, ռադիկալ ընդդիմադիր դաշտում գործունություն չի ծավալի»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ավելացրեց, որ այստեղ նաև բացառվեց մի գաղափար, որ չես կարող լինել «ապահով» ընդդիմություն.
«Դու չես կարող ունենալ հնարավոր ֆինանսական, իշխանական, մենաշնորհահարկային բոլոր լծակները և դրա հետ զուգահեռ՝ խաղալ ընդդիմադիր, պրոտեստային զանգվածի նրբագույն լարերի վրա՝ օգտագործելով այն փաստը, որ ժողովուրդը դժգոհ է, և նրան կարելի է ցանկացած պատրվակով բերել հրապարակ: Եթե քաղաքականության մեջ ստեղծվում է պետության մեջ պետություն, որտեղ ասվում է, որ իշխանության մեջ չպետք է լինեն պատահական մարդիկ, ապա դա շատ վատ միտում է, և ես դա պոզիտիվ ձևով կվերաձևակերպեի՝ քաղաքականությունից պետք է դուրս գան ոչ քաղաքական մարդիկ»: