Ալի Խամենեին հայտնվել է հանրության առջև
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ հանդիպել է պաշտոնյաների ու մասնագետների խմբի հետ, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի պահպանման համար:
Միջոցառումն անցկացվել է Բնական պաշարների շաբաթվա շրջանակներում: Գործակալությունը ոչինչ չի հայտնել 75-ամյա Խամենեիի ինքնազգացողության մասին՝ չնայած նրան, որ իսրայելական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել էին նրա հոսպիտալացման մասին:
Ավելի վաղ ֆրանսիական Figaro թերթը, վկայակոչելով արևմտյան հետախուզությունում իր աղբյուրները, հայտնել էր, որ Խամենեիին մնացել է ավելի քան 2 տարվա կյանք: 2014 թվականի սեպտեմբերին Խամենեին ենթարկվել էր վիրահատության, նա Իրանը ղեկավարում է արդեն 25 տարի: