Կախված Արթուր Աֆյանին տեսել են գյուղացիները
«Ազդարար» լրատվականին ՇՄ փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը փոխանցել է, որ Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածի մոտ հայտնաբերել են դի:
Պարզվել է, որ կախվածը փետրվարի 21-ից անհետացած ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն է:
Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը կայքի հետ զրույցում ասել է, որ կախվածին տեսել են նշված տարածքի մոտ հողամասեր ունեցող գյուղացիները և տեղյակ պահել իրավապահներին: Գյուղապետը կայքին փոխանցել է նաև, որ Արթուր Աֆյանի ինքնությունը հաստատել է դեպքի վայր եկած նրա բարեկամը:
Թե դեպքը երբ է տեղի ունեցել դեռ հայտնի չէ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը փետրվարի 21-ին աշխատանքի չէր ներկայացել:
Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Հրաչյա Սահակյանի հետ ունեցած զրույցի ժամանակ պատասխանատուն նշել էր, որ Արթուրը զինված չի եղել, գիշերը մինչև ժամը 2-ը կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն հաջորդ օրն աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը: