Բաժիններ՝

Ինչ վիսկի է արտադրում և արտահանում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը». 1in.am

«Հայաստանում իդեալական պայմաններ կան վիսկի արտադրելու համար: Մենք ունենք ամենալավ տեսակի, ամենալավ հատկանիշներ ունեցող գարին, որը վիսկի արտադրելու կարևորագույն բաղադրիչն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան վիսկի արտադրելու համար անհրաժեշտ պայմաններ: Միևնույն ժամանակ, մասնագետի խոսքով, որակյալ վիսկի արտադրելու համար տարիներ են պետք եւ հնեցված սպիրտ:

Նշենք, որ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում արդեն իսկ վիսկի է արտադրվում: Մասնավորապես` 2015 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 52․1 հազար լիտր վիսկի: Իսկ այս նորամուծության հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը, ի դեպ, մասնագիտացված է նաև օղու ընդհատակյա արտադրության եւ ռուսական օղիների բրենդների կեղծման մեջ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` «Ալեքս Գրիգ» ընկերությունից «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են, որ վիսկիի արտադրության նպատակով անցյալ տարի իրենք նոր արտադրամաս են բացել, բայց խմիչքը դեռևս իր բրենդը չունի: Փորձնական խմբաքանակ է արտադրվել, որը արտահանվել է Իրաք:

Նշենք, սակայն, որ տեղեկատուներում գրանցված «Ալեքս Գրիգ» Սպիրտի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ մի հեռախոս չի գործում: Նշված հեռախոսահամարներից միայն մեկով պատասխանեցին, որ այդ համարը ոչ մի կապ չունի «Ալեքս Գրիգ»-ի հետ:

Ամեն դեպքում` Ավագ Հարությունյանի խոսքով` որակով վիսկի արտադրելու համար 10-15 տարի ժամանակ է անհրաժեշտ, քանի որ վիսկիի համար մի քանի տարի հնեցված սպիրտ է հարկավոր:

«Որակյալ վիսկի արտադրելու համար տարիներ են պետք: 10 տարուց ավելի: Լավ վիսկիի համար 3-4 տարեկան սպիրտ է անհրաժեշտ: Այսինքն`10-15 տարի հետո մենք նոր կարող ենք ասել՝ հասել ենք մեր նպատակին, թե` ոչ: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց մասնագետը՝ հավելելով. «Ես պարզապես քաջ ծանոթ եմ վիսկիի արտադրության կոմպոնենտներին, գիտեմ` ինչից է կախված վիսկիի որակը, ու կրկնում եմ, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները խիստ որակյալ վիսկի արտադրելու համար: Հիմա մենք նոր ենք սկսել, հիմքերը նոր են դրվում»:

Ավագ Հարությունյանը, սակայն, տեղյակ չէ՝ Հայաստանում հիմա գարուց պատրաստվո՞ւմ են վիսկիի այդ կոմպոնենտները, թե՞ սպիրտ է ներկրվում ու պարզապես շշալցում իրականացվում: Նա չի էլ տեսել Սամվել Ալեքսանյանի արտադրամասը: Բայց ներկրված վիսկիի սպիրտով շշալցումը եւս տարբերակ է համարում: «Սա էլ է տարբերակ, եւ կարծեմ` մի փոքր մասը հենց այդ ձևով է արվում, իսկ մնացածին տեղյակ չեմ, քանի որ դա ֆիրմային գաղտնիք են իրենք համարում: Սակայն ամբողջ աշխարհում այդպես էլ է արվում: Պետք է պարզապես ուրախանալ սրա համար եւ պետք է տխրել այն դեպքում, երբ պարզվի, որ մենք պարզապես կրկնօրինակում ենք անում: Իսկ կրկնօրինակումով մենք երկար ճանապարհ չենք անցնի: Մենք պետք է ձևավորենք մեր ավանդույթները»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով, սակայն, վիսկի արտադրելիս երկու լուրջ խնդիր է առաջ գալիս: Առաջինը կապված է արտադրանքի անվանման հետ, քանի որ Հայաստանն այդ անունով ապրանք չի կարող դուրս բերել եվրոպական շուկաներ: «Վիսկի» անվանումով խմիչք մենք իրավունք չունենք արտահանելու միայն Եվրամիության երկրներ, իսկ այլ երկրներ կարելի է: Հարկավոր է, որ անվանումը փոխվի, եւ հետո` երկրորդ խնդիրը, մշակույթի ձևավորումն է: Մենք պետք է կարողանանք խելացի կառավարել մեր ռեսուրսներըև կկարողանանք շատ որակյալ արտադրանք թողարկել»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս