2011 թվականին ֆրանսիացիներն առաջին անգամ տեսան այդքան ուժեղ թուրքական համայնք. Չավուշօղլու
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Փարիզում հանդիպել է թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր բաղադրատարրերից մեկն արտասահմանաբնակ թուրքերի խնդիրները չանտեսելն է:
Խոսելով ֆրանսիաբնակ թուրքերի մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական համայնքի ուժը երևաց 2011 թվականին Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դեմ պայքարի ժամանակ. «Դա ունեցավ մեծ ազդեցութոյւն և զարմացրեց ֆրանսիացիներին:
Ֆրանսիացիներն առաջին անգամ տեսան այդքան ուժեղ թուրքական համայնք: Ֆրանսիայում գնալով աճում է ձեր ուժը: Անհրաժեշտ է լինել ավելի ուժեղ, ընդ որում, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական պլանում: Մենք ուրախ ենք, որ Թուրքիայի զորեղանալուն զուգընթաց զորեղանում են մեր արտասահմանաբնակ քաղաքացիները:
Որքան շատ ստանաք (Ֆրանսիայի) քաղաքացիություն, այնքան ավելի շատ քվեներ կունենաք և այնքան ուժեղ կլինեք: Ֆրանսիայում բնակվում է մոտ 650.000 թուրք քաղաքացի: Նրանք պետք է ավելի ազդեցիկ դառնան քաղաքական ոլորտում:
Տնտեսական ոլորտում իրավիճակը վատ չէ: Մենք ունենք 30.000 ձեռնարկություն ու 50.000 աշխատավոր: Սակայն դա կարող էր ավելի լավ լինել: Ունենք ավագանու 194 անդամ, որոնցից 16-ը փոխքաղաքապետեր են:
Եկել է քաղաքապետեր ունենալու ժամանակը: Նույնը վերաբերում է պատգամավոր ունենալուն: Անհրաժեշտ է ավելի կազմակերպված դարձնել Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքը:
Ինչո՞ւ չեք ստանում քաղաքացիություն: Ֆրանսիայի քաղաքացիություն ստացողների թիվը դեռ սահմանափակ է: Երկքաղաքացիության հնարավորություն կա, չկան այնպիսի դժվարություններ, ինչպիսիք առկա են Գերմանիայում:
Անհրաժեշտ է ստանալ այս երկրի քաղաքացիություն և ձեռք բերել քվեարկելու իրավունք: Որքան շատ քաղաքացիություն ստանաք, այնքան շատ կքվեարկեք և ուժեղ կլինեք»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին մեկնել է ԱՄՆ, հանդիպել է տեղի թուրքական համայնքի ղեկավարների հետ՝ հանդես գալով նմանատիպ հայտարարություններով: