«Տեռորի և ապօրինությունների միջոցով կարողացան ԲՀԿ-ին խաղից դուրս հանել»

«Ռեժիմը խուճապի մեջ էր, երբ պետք է լիներ փետրվարի 20-ի հանրահավաքը ու աննախադեպ քայլեր արեց, որ հանրահավաքը թույլ չտա: Տեռորի և ապօրինությունների միջոցով կարողացան ԲՀԿ-ին խաղից դուրս հանել, ժամանակավոր կամ ոչ ժամանակավոր՝ պատմությունը ցույց կտա, այս պահին մի քիչ հանգստացել է իշխանությունը: Բայց դա ժամանակավոր հանգիստ է, որովհետև երկրում վիճակը աղետալի է: Ռեժիմը տապալված է ու երկիրը տանում է տապալման»,- այսօր Աժ բրիֆինգների ժամանակ հայտարարող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ԱԺ ղեկավարության կողմից նիստերի ժամանակ իր բարձրախոսն անջատելը Զուրաբյանը որակեց որպես «վախկոտ» իշխանության վարք, որ վախենում է ընդդիմության սուր խոսքից և իրենք էլ հասկանում են, որ խախուտ են իրենց դիրքերը:

Թե ԲՀԿ-ի հետ համագործակցությունն ինչպիսի՞ն կլինի, ըստ Զուրաբյանի, կախված է ԲՀԿ-ից, որովհետև դեռ որոշակի հարցերի պատասխան չի տրվել՝ ինչ որակով, ինչ քանակով, ինչ ռեսուրս են պահպանելու ռեժիմի դեմ պայքարի համար: Նա նշեց, որ ժամանակ պետք է տան, մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը որոշի ու տա, իսկ իրենք չպետք է միջամտեն այդ պրոցեսին:

«Մենք մեր գործն անում ենք ու մենակ ենք, թե դաշնակիցների հետ միասին, մենք պայքարում ենք: Պատասխանները կտան՝ կկողմնորոշվենք: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել և՛ ԲՀԿ-ի, և՛ այն բոլոր ուժերի հետ, որ հասկանում են, որ այս ռեժիմի դիմադրության ոչնչացումը երկրի ոչնչացում է»,- ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ չեն ցանկանում միջամտել ԲՀԿ համագումարին և չի կարծում, որ որեէ մեկին հրավեր կուղարկեն:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե տեղյակ չէ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, բայց որևէ պայմանավորվածություն նա ընդհանրապես բացառեց Ս.Սարգսյանի հետ. «Տեղի է ունեցել աննախադեպ սպառնալիքների, շանտաժների տարափ, որի հետևանքով ԲՀԿ-ն հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից»:

Տեսանյութեր

Լրահոս