Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծին կողմ քվեարկեց ընդամենը 4 պատգամավոր. ՀԱԿ-ը դեմ քվեարկեց

Այսօր ԱԺ նիստի սկզբում քառօրյայի օրակարգի հաստատման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ հետո քվեարկության է դրվելու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին իր ներկայացրած օրինագիծը, ու թեև «Քաղաքացիական պայմանագիր միավորումը» հաշիվ է տալիս իրեն, որ օրակարգ մտնելու շանս չունի, բայց այն մտնելու է ներքաղաքական կյանքի օրակարգ և իրենց խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքները դատական ընթացք ստանան: Միաժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» անունից նա դատապարտեց քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հորդորեց ընդունել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին օրինագիծը, քանի որ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու, և ցանկանալի է, որ այն ոչ թե ցավոտ իրադարձությունների արդյունքում լինի, այլ իրավական ընթացակարգերի, որր նախաձեռնել է Ն.Փաշինյանը: «Ինձ քիչ առաջ լուր տվեցին, որ Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշենի քրեակատաողական հիմնարկում, այլ նաև Արթիկում, Կոշում …»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը, սակայն նրան ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պահանջելով անջատել խոսափողը:

«Ամեն ինչ ունի չափ ու սահման,- ասաց Շարազանովն ու կոչ արեց կոռեկտության մեջ մնալ,-  Պառլամենտը պետք չի կրկեսի վերածել»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հատարարեց, թե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերն առկա են, բայց այդ գործընթացները չի կարելի անլրջացնել տարբեր հայտարարություններով և առանց քաղաքական խմբակցությունների, անգամ առանց սեփական խմբակցության հետ կոնսուլտացիաների, դնել քվեարկության: Զուրաբյանի խոսքով՝ Ն.Փաշինյանն աբողջովին շեղվել է 2011թ. նոյեմբերի 15-ի հանրահավաքում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հռչակագրից, իսկ ներկայացված նման թույլ փաստաթղթին աջակցելը կնշանակեր աջակցել Սերժ Սարգսյանին:

Ըստ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են Ս.Սարգսյանի պաշտոնանկության մասին, ցույց տան իրենց դիրքորոշումը: Նա կոչ արեց ամիսներ շարունակ փողոցներում խոսելու փոխարեն կողմ քվեարկել, հետո քննարկել: Ն.Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինքն անձամբ կստորագրի ցանկացած նախագծի տակ, որով կպահանջվի Ս.Սարգսայնի հրաժարականը: Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց՝ 4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

 

Տեսանյութեր

Լրահոս