Բաժիններ՝

Հայկականությունն ու ծանր ռոքը համադրողները. «Նաիրի» ռոք խումբ

Հոկտեմբերի 31-ին հայ ռոքասերները Հելոուինի փոխարեն ունեն մեկ այլ տոն՝ «Նաիրի» ռոք խմբի ծնունդը։ 2007 թվականից ի վեր գործունեություն ծավալելով՝ «Ջրերի երկիր» նշանակությունն ունեցող անվանումով ռոք խումբը հավատարիմ է մնում իր գլխավոր առանձնահատկությանը՝ համադրել ավանդական դասական ռոքը ու ծանր մեթալը հայկական էթնիկ էլեմենտների հետ։

Մեր զրուցակից «նաիրցիներն» են խմբի համահիմնադիր, վոկալիստ Արտ (Phoenix) Դարբինյանը և խմբի համեմատաբար նորեկները («Նաիրիի» կազմում եմ 2013 թվականից)՝ վոկալիստ Նարե Նիկոյանը և ստեղնաշարահար Վահե Նուրիջանյանը։

«Նաիրին» մոտ օրերս համերգ է ունենալու: Կմանրամասնե՞ք։

Արտ Դարբինյան (վոկալ) – Սպասվում է որակապես բարձր համերգ, որը տեղի կունենա «Ուլիխանյան ակումբում», փետրվարի 21-ին, ժամը 19:30-ին։ Ծանր ռոք կատարող երեք խմբեր են դուրս գալու բեմ՝ «Նաիրին», «Հայարդը» և լեգենդար «Էլիպսը»։ Լինելու է միայն ծանր ռոք։ Կարևոր ենք համարում, որ ելույթ է ունենալու 80-90-ականներին ակտիվ գործունեություն ծավալած «Էլիպս» խումբը։ Վետերան խմբերն այսօր շատ հազվադեպ են ելույթ ունենում, իսկ սա հնարավորություն է, որ բոլորս իրենց երաժշտության ներքո տեղափոխվենք հին ժամանակներ։ Ի դեպ, այդ համերգի ժամանակ լինելու է նաև «Նաիրիի» նոր երգի շնորհանդեսը։

10952454_10204073694426856_1533413464_n

Կպատմե՞ք, թե ինչպես ձևավորվեց «Նաիրի» խումբը, որո՞նք եղան «Նաիրիի» առաջին քայլերը։

Ա.Դ. – «Նաիրին» ստեղծելու գաղափարն ինձ մոտ ծագել է, երբ ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում 2006 թվականին։ Կիսվեցի մտքով Խորենի (Խորեն Միքայելյան՝ «Նաիրիի» համահիմնադիր, հիմնադրման օրվանից խմբի անդամ, սոլո-կիթառահար,-հեղ.) և Արտոյի հետ ( Արտավազդ Բաղդասարյան՝ «Նաիրիի» համահիմնադիր, նախկին անդամ՝ բաս-կիթառահար,-հեղ.), և միասին հիմնեցինք խումբը, սկսեցինք ստեղծագործել։ Մեր խմբի ծննդյան օրը համարվում է հոկտեմբերի 31-ը, քանի որ այնպես ստացվեց, որ 2007 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի օրը, Detroit Rock City ակումբում մենք առաջին անգամ բեմ դուրս եկանք որպես «Նաիրի»։ Ինչպես գրեթե բոլոր խմբերը, մեզ մոտ նույնպես եղավ անդամների փոփոխություն, այժմ վոկալիստներն ենք ես ու Նարե Նիկոյանը, սոլո-կիթառահարը՝ Խորեն Միքայելյանը, բաս-կիթառահարը՝ Ռոման Պետրոսյանը, ստեղնաշարահարը՝ Վահե Նուրիջանյանը և թմբկահարը՝ Վլադիմիր Հովհաննիսյանը։

10984936_10204073694466857_1246151284_n

Ո՞րն է «Նաիրիի» յուրահատկությունը։

Ա.Դ. – «Նաիրին» լրիվ նոր ոճ է մտցնում հայկական ռոքի մեջ՝ համադրելով հայկականությունն ու ռոքը։ «Նաիրիից» առաջ գոյություն ուներ ֆոլկ երաժշտությունը ռոքի ձևով կատարելու փորձ, սակայն դա լրիվ այլ բան է։ Հայկական բեմում «Նաիրին» առաջինն էր, որ, ռոքի կառուցվածքը պահպանելով, մատուցեց ֆոլկ էլեմենտներով երաժշտություն։ Անգամ արտասահմանյան լսողի համար միանգամից պարզ է դառնում, որ «Նաիրին» հայկական խումբ է։

10984948_10204073694226851_1865421556_n

– 2010 թվականին թողարկվեց ձեր առաջին ալբոմը՝ «CrossStone»-ը։ Ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կպատմեք ալբոմի հետ կապված։

Ա.Դ. – Ալբոմի վեց երգերը իրար հետևից ենք ձայնագրել՝ գիշերները չքնելով։ Ես հիշում եմ, որ ալբոմի մասին գրել էին, որ դրանով հայ մեթալի պատմության մեջ նոր էջ է բացվում(ժպտում է)։ Ալբոմի շնորհիվ մեր ոճն արդեն «պաշտոնական» կերպով հայտնի դարձավ։

Մի փոքր անհանգստություն կար Կոմիտասի «Շուշիկի» ստեղծագործությունը հարդ ռոք ոճով հանրությանը ներկայացնելու վերաբերյալ, քանի որ կարծում էինք, որ մեզ քննադատելու են, բայց մինչ օրս ոչ մի բացասական կարծիք չենք լսել։ Շուշիկին» մենք հաճախ ենք նվագում, հենց փետրվարի 21-ի համերգին այն լինելու է։

11004009_10204073694266852_911014712_n

– Ալբոմից հետ ինչպե՞ս շարունակվեց խմբի գործունեությունը։

Ա.Դ. – 2010-2012թթ. «Նաիրիի» համար դժվար ժամանակաշրջան էր։ 2013-ից արդեն նոր անդամների ներգրավվածությամբ սկսվեց խմբի ակտիվ գործունեության շրջանը, կատարվեցին նոր երգերի ձայնագրություններ։ 2014թ. թողարկեցինք «Մեր նուռը մեր տունն է» սինգլը, որից «Ջանն է հավատ» երգը կարճ ժամանակում հիթ դարձավ ու Ռադիո Վանի հիթ-շքերթում գրավեց առաջին տեղը։ Այդ տարվա ամռանը ձայնագրեցինք նաև «Հեյ, քաջեր» երգը, որը նվիրված է Արցախի պատերազմին մասնակցած ազատամարտիկներին։

11004728_10204073694186850_2049393241_n

– Ինչպե՞ս է «Նաիրիին» ընդունում արտասահմանյան հանդիսատեսը։

Ա.Դ. – Շատ լավ, ոչ մի կողմապահություն չենք զգացել։ Խումբն առաջին անգամ արտասահման է մեկնել 2014 թվականի հունիսին, մասնակցել է Թբիլիսիի «Plus One» փառատոնին։ Նույն թվականին «Ջանն է հավատ» երգի շնորհիվ խումբը ելույթ ունեցավ նաև Մոսկվայում՝ Կրեմլի պալատի դահլիճում, «Armvision Tsovits Tsov 2014» միջազգային փառատոնի շրջանակում, որում երկու փուլերում էլ գրավեց առաջին տեղը։

11005574_10204073694346854_946045133_n

– Ինչպե՞ս է տեղի ունենում երաժշտության ստեղծման ընթացքը։ Ի՞նչն է ոգեշնչում ձեզ նոր երգ գրելիս։

Ա.Դ. – Սկզբում երաժշտությունն ենք ստեղծում, հետո խոսքերը։ Տեքստերը բոլորը իմ հեղինակածն են, միայն «Mad Dog» երգի խոսքերի հեղինակներն են Խորենն ու Արտավազդը։ Երաժշտությունը կամ ես եմ ստեղծում, կամ Խորենը, իսկ «Շուշիկին» միասին ենք մշակել։ Կոնկրետ ոգեշնչող մեկ բան չկա, երբեմն ոգեշնչում է հայկական դիցաբանությունը, երբեմն անձնական կյանքում կատարված մի բան։

– Որո՞նք են «Նաիրի» խմբի այցեքարտը համարվող երգերը։

Ա.Դ. – Չորս երգ կնշեմ՝ «Մեր նուռը մեր տունն է», «Ջանն է հավատ», «Հեքիաթ Տոշիկին» և «CrossStone»:

– Այսօր խումբն ի՞նչ անելիքներ ունի։

Ա.Դ. – Փետրվարի 21-ի համերգից հետո փետրվարի 28-ին մասնակցելու ենք Ռադիո Վանի գալա-համերգին, մարտի 20-ին նվագելու ենք ուսանողության համար Սլավոնական համալսարանում։ Մինչև ապրիլի 10-15-ը շատ լուրջ գործի վրա ենք աշխատելու՝ Մեծ եղեռնին նվիրված։

Ապրիլի 24-26-ը մասնակցելու ենք Թբիլիսիիում կայանալիք մի փառատոնի։ Ես ինքս չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր նման օր ընտրել փառատոնի համար, որն իրականում այնպես են կազմակերպել, որ մերժելը շատ դժվար է։ Մենք պահանջելու ենք, որ հայկական խմբերը ելույթ ունենան ապրիլի 25-ին կամ 26-ին։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ մեր ելույթը ապրիլի 24-ին նշանակեն, խոսք ենք տալիս մի այնպիսի բան անել, որ հավաքվածները կհիշեն Ցեղասպանության մասին, և ուշադրությունը չի շեղվի։

11007512_10204073694546859_496956729_n

– Հետաքրքիր են «Նաիրիի» լոգոն, ձեր հագուստի դիզայնը։ Ինչպե՞ս ծագեց ուրարտական սեպերը որպես սիմվոլ օգտագործելը։

Ա.Դ. – Գաղափարն իմն է, իրականացրել ենք Ալբերտ Բեռնեցյանի հետ, միասին ենք քննարկել բոլոր դետալները։

– Ինչպե՞ս են մյուս «նաիրցիները» ընդգրկվել խմբում, ի՞նչ կրթություն ունեն։

Ա.Դ. – Բոլորն էլ բացի Նարեից այլ ռոք խմբերում են ելույթ ունեցել մինչև «Նաիրի» գալը։ Խորենն ու Վահեն ունեն Կոնսերվատորիայի կրթություն, Վովան և Նարեն երաժշտական դպրոց են ավարտել, Ռոմանին բաս-կիթառ սովորեցրել է հայրիկը, ես յոթ տարի սովորել եմ Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, անհատական եմ նաև պարապել։

Վահե Նուրիջանյան (ստեղնաշար) – Ես «Նաիրիի» կազմում հայտնվեցի 2013 թվականին, այդ ժամանակ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի, մինչ օրս սովորում եմ շեփորահարություն։ Ինչ մեղքս թաքցնեմ, մինչև «Նաիրիի» անդամ դառնալը, միայն Արտաշին գիտեի, երգերին լավ ծանոթ չէի, միայն համերգներին էի տեսել նրանց (ժպտում է)։ «Նաիրիի» հետ շատ հետաքրքիր սկսվեց մեր համագործակցությունը։ Ես իմ խմբով՝ «Atmos»-ով փնտրում էի փորձատեղի և այդպես ծանոթացա «Նաիրիի» հետ, տղաներն էլ ինձ առաջարկեցին իրենց հետ նվագել։ Սկզբում շատ էի լարվում, քանի որ նրանք բոլորը փորձառու էին, իսկ ես՝ ոչ այդքան։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Music Factory ակումբում առաջին անգամ բեմ դուրս եկա որպես «Նաիրիի» անդամ։

– Մոխրոտիկի պատմությունը՝ ռոքի ելևէջների ներքո

Նարե Նիկոյան (վոկալ) – Խմբի հետ առաջին ծանոթությունս եղավ, երբ ընկերներս ինձ ասացին. «Ի՞նչ, դու «Նաիրիին» չե՞ս լսել, մեզ հետ արի համերգի» (ժպտում է,-հեղ.): Ես էլ, իմանալով, որ նրանք Կոմիտաս էլ են նվագում, որոշեցի անպայման ներկա լինել համերգին։ «Նաիրիի» կատարման առաջին վայրկյանից ազդված ու տպավորված էի։ Դրանից հետո ինքս ինձ խոստացա նրանց ոչ մի համերգ բաց չթողնել։

«Նաիրիի» մեծ սիրահար էի դարձել, չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր կերգեմ նրանց հետ։ Մի անգամ էլ որոշեցի Խորենին ֆեյսբուքով շնորհակալություն գրել, ասել, որ շատ եմ սիրում իրենց երաժշտությունը, սկսեցինք շփվել, հետզհետե ընկերացանք։ Հետո Արտաշի հետ էլ ընկերացանք։ 2013 թվականի ամառն էր, մենք նստած էինք Կարապի լճում, ու այնպես ստացվեց, որ ես որոշեցի երգել, Արտաշը հավանեց կատարումս։ Եվ այդպես ես դարձա «Նաիրիի» անդամ։

Առաջին համերգս եղավ 2013 թվականի հուլիսին, ես շատ հուզված էի։ Բայց զգացողություններս անփոխարինելի էին, շատ ուժեղ էներգետիկա էի զգում ու փայլում ուրախությունից։ Հանգիստ կարելի է ասել՝ «Նաիրիի» սիրահարից «Նաիրիի» վոկալիստ դարձա։

Նկարները՝ Նաիրիի ֆեյսբուքյան էջից, Արտաշ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից, AV Production-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս