Եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում հակառակը՝ ներքին քաղաքական «զինադադարի» ավարտն է արձանագրում: Մոտակա օրերին ՀՀԿ-ի ու «ոչ իշխանական» գործիչները, լրագրողները և օգտատերերը իրար հասցեի անհաճո բաներ են ասելու, քաղաքական պայքարը սրվելու է:

Բայց անձամբ ես ամեն ինչում հակված եմ նաև դրական կողմը տեսնել: Իսկ դրանք մեկը չեն՝ մի քանիսն են: Նախ՝ քաղաքական դաշտը պարզաջրվում է՝ այլևս չկա իշխանություն և ոչ իշխանություն, կա իշխանություն և ընդդիմություն, ինչպես որ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում, շատ հնարավոր է, որ ընդդիմությունն այսուհետ ձեռք բերի հետապնդվողի, տառապյալի դափնեպսակ, ինչպես որ դա ընդունված է հետխորհրդային երկրներում:

Երկրորդ՝ եթե նախագահի ելույթը նոր քաղաքական մշակույթ ձևավորելու կոչ էր, ապա այն ուղղված էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին, այլև բոլորին: Ըստ այդմ, ինձ թույլ տամ ընդհանրացնել Սերժ Սարգսյանի ուղերձները. 1/ ոչ մի տգետ փողատեր չպիտի մտնի քաղաքականություն՝ անկախ նրանից, թե որ կուսակցական «խրամատում» է նա նստած, 2/ ոչ մեկ չպիտի խառնի քաղաքականությունը բարեգործության հետ, 3/ ոչ մի պատգամավոր՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից է, չպիտի արհամարհի իր ընտրողներին և բաց թողնի Ազգային ժողովի նիստերի մեծ մասը, 4/ ոչ մի խոշոր գործարար չպիտի խուսափի հարկերից, 5/ ոչ մի խոշոր գործարարի կամ պաշտոնյայի թիկնազոր չպիտի մարդ ծեծի ու անպատիժ մնա:

Վաղվանից այդ կետերը չեն իրագործվի, ոչ էլ, հավանաբար, 1 կամ 5 տարուց: Որովհետև երեկ չի սկսվել, ոչ էլ 1 կամ 5 տարի առաջ: «Կարամելներն» ու «Կոմբիկերները» առաջին անգամ խորհրդարան են եկել 1995 թվականին: Իրենց մտահորիզոնով: Իրենց բառապաշարով: «Ճշտի» և գեղեցիկի մասին իրենց պատկերացումներով: Իմ ընկերները և ես դա նկատել ենք 20 տարի առաջ:

Այսօր նման «քաղաքական գործիչները»խորհրդարանում մեծամասնություն են կազմում՝ առատորեն ներկայացված լինելով երկու կուսակցություններում: Ինչ խոսք, դա իսկապես չարիք է: Բայց եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների»:

Այդ դեպքում երեկվա իրադարձությունը նույնպես հնարավոր կլինի դրական համարել:

Կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս