Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ HSBC-ի գաղտնազերծված հաշիվների ցանկում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, որը կապված է մեծ գումարների հետ։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք տվյալներ են պարունակում աշխարհի ավելի քան 200 երկրների 100 հազար ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերաբերյալ։ Այդ հաշիվներին, ընդհանուր առմամբ, եղել է շուրջ 100 միլիարդ դոլար, որոնց ծագումը կասկածելի է կամ գումարները կուտակվել են հանցավոր ճանապարհով (զենքի առևտրից, թմրավաճառներից և այլն)։

Ըստ հաշիվների վրա առկա գումարների մեծության՝ Հայաստանը այդ ցանկում 146-րդն է (15,4 միլիոն դոլար): Ըստ ICIJ-ի՝ փաստաթղթերում շրջանառվում են  Հայաստանի հետ կապված 10 հոգու տվյալներ, որոնցից 4-ը հայ են կամ ՀՀ քաղաքացի:

Այդ ցանկում ամենաուշագրավն, իհարկե, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի անվան հիշատակումն է։

ICIJ-ն նշում է, որ Կտրիճ Ներսեսյան աշխարհիկ անունով այս անձնավորությունը 1999 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այդ պաշտոնում նա այցելել է աշխարհի տարբեր երկրներ (այդ թվում՝ Վատիկան, ԱՄՆ, Հնդկաստան և այլն)՝ հանդիպումներ ունենալով Սփյուռքի հետ։

Գարեգին 2-ի անունը տեղ է գտել HSBC-ի՝ 2000 թվականի հաճախորդների ցանկում։ Նա փոխկապակցված է եղել «Նորին Սուրբ Օծություն Գարեգին 2-րդ Ներսես» անունը կրող բանկային հաշվի հետ, որի վրա 2006/2007 թվականներին եղել է 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Գաղտնազերծված փաստաթղթերը չեն բացահայտում, թե Գարեգին 2-րդը կոնկրետ ինչ առնչություն է ունեցել այս հաշվի հետ։

Եկեղեցու խոսնակը ICIJ-ին ասել է, որ հաշիվը բացվել է Գարեգին 2-րդի նախորդի կողմից՝ «հանուն եկեղեցու և բարեգործությունների»։ Վերջինիս մահից հետո հաշիվը փոխանցվել է Գարեգին 2-րդին՝ նույն նպատակներով օգտագործելու համար։ Կայքը նաև հիշեցնում է, որ կաթողիկոսարանը ազատված է հարկերից, և Նորին Սուրբ Օծությունը հարկային անձեռնմխելիություն ունի։

Իսկ թե հանուն եկեղեցու և բարեգործության բացված հաշիվը ինչու է հայտնվել թմրավաճառների և այլ հանցագործների հետ նույն շարքում, առայժմ անհայտ է։

Նշենք, որ փաստաթղթերի ցանկը ICIJ-ին տրամադրել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը։ HSBC-ին արդեն հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի՝ բանկի շվեյցարական մասնաճյուղի մեղավորներին պատժելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս