Թուրք-իրանական սահմանին կբացվի երրորդ անցակետը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք-իրանական սահմանին բացվելու է նոր անցակետ, որը կլինի երրորդ սահմանային անցակետը: Դրա հետ կապված՝ կողմերի միջև պատրաստվում է համապատասխան համաձայնագիր:
Քափըքյոյի անցակետի բացման համար անհրաժեշտ է, որ Իրանի տարածքում կառուցվի 75 կիլոմետրանոց ճանապարհ, ինչը կարժենա 250-300 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 2.4 լիրայի): Դա ֆինանսավորելու է Թուրքիան՝ Իրանին տրամադրելով վարկ:
Այսօր խնդրի շուրջ համապատասխան բանակցություններ կանցկացվեն Իրանում, որոնցում Թուրքիան կներկայացնի մաքսային ու առևտրային հարցերով նախարար Նուրեթթին Ջանիքլին: Ընդգծվում է, որ նոր անցակետի բացումը շատ կարևոր է հատկապես Թուրքիայի համար, ով ցանկանում է Իրանի տարածքով դուրս գալ դեպի Միջին Ասիա:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 15 միլիարդ դոլար: Պլանավորված է այն հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի: