Ցեղասպանության համահայկական հռչակագիրն այն եզակի օրինակներից է, երբ հայ ժողովրդի հավաքական կարծիքն արտահայտված է. Ռ. Մելքոնյան

«Ցեղասպանության համահայկական հռչակագիրն այն եզակի օրինակներից է, երբ հայ ժողովրդի հավաքական կարծիքն արտահայտված է»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրին: Նա նշեց, որ հռչակագիրը ներառում է հայության հավաքական կարծիքը կամ այդ կարծիքի շատ դրույթներ, իր մեջ ներառում է այն գիտական, պատմագիտական, իրավական ձեռքբերումները, որոնք ՀՀ-ն ունեցել է այս 100 տարվա ընթացքում:

«Այսինքն` ամփոփված է 100-ամյա գործընթացը՝ իր բացթողումներով, ձեռքբերումներով: Ձեռքբերում ասելով՝ նկատի ունեմ այն գիտական, պատմագիտական, իրավական, քաղաքագիտական ձևակերպումները, որոնք այս տարիների ընթացքում տեղ են գտել: Կարևորում եմ, որ հռչակագրում որոշակի հեռահար նպատակներ են ուրվագծված: Ուղերձներ կան հաջորդ սերունդներին այս ընթացքը շարունակելու, ավելի կատարելագործելու և բարելավելու: Այն եզակի օրինակներից է, երբ  հայ ժողովրդի հավաքական կարծիքն արտահայտված է նաև՝ ի դեմս այնտեղ ներկա երկու կաթողիկոսների, Սփյուռքի ներկայացուցիչների, ՀՀ և ԼՂ նախագահների: Այսինքն` ի վերջո, սա այն հարցն է, որի շուրջ հայ ժողովուրդը  միասնական է, և հռչակագիրը դրա դրսևորումներից է»,- նշեց թուրքագետը` շարունակելով, որ  հռչակագիրը բավարար է, քանի որ Ցեղասպանության հետ առնչված և առնչվող   բոլոր հիմնական դրսևորումները տեղ են գտել դրանում: Նա նաև նշեց, որ  ժամանակի ընթացքում որոշակի հավելումներ, սրբագրումեր կարող են լինել: «Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ մինչ այժմ Հայաստան պետությունը նման  հռչակագիր չուներ, և, ինչ խոսք, պատմական որոշակի  հանգրվան է, դրվագ, որը կարելի է գնահատել դրական»,- նկատեց նա:

Դիտարկմանը, թե բացի ճանաչումից՝ այլ պահանջներ չկան հռչակագրում, նա արձագանքեց՝ ասելով, որ փաստաթղթում  կային միջազգային ճանաչման, հատուցման պահանջներ:  «Այսինքն, եթե մանրամասն պահանջատիրություն չկար,  որոշակի պահանջատիրական դրսևորումներ կային: Հավելումներ կարող են լինել, ինչպես 50-ամյակի ժամանակ որոշ հայտարարություններ ընդունվեցին, որոնք 100-ամյակին սրբագրման կարիք ունեն: Հետագայում կարող են փոփոխություններ լինել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ  այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ, հռչակագրի մայր օրինակն ի պահ է հանձնվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս