Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին

ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր դիմել է Կառավարությանը:

«Հարգելի պարոն Աբրահամյան,

Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը:

Հայ դատի նվիրյալ, արդարության մարտիկ Համբիկ Սասունյանը, ով ծնվել է 1963 թվականին Բեյրութում, 1982 թվականին լինելով 19-ամյա պատանի, շարունակելով Սողոմոն Թեհլերյանի և արդարության մարտիկների գործն  ընդդեմ Թուրքիայի կողմից  շարունակվող ցեղասպան քաղաքականության, անձնազոհաբար առաջ մղելով հայ ժողովրդի արդար պահանջատիրությունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Համբիկ Սասունյանի դատապարտումից անցել է 33 տարի: Նա այսօր միակն է, ով, լինելով արդարության մարտիկ, գտնվում է բանտախցում: Երբ նա ելել էր մարտի՝ հայ ժողովուրդը չուներ պետականություն, հայ մարտիկները ինքնազոհության գնով աշխարհին լսելի էին դարձնում ցեղասպանության դատապարտման և հայ ժողովրդից օտարված պետականության վերականգնման հարցը:

Այսօր, երբ մենք պետականության կրողն ենք, մեր պետական կառույցների միջոցով պարտավոր ենք պահանջ ներկայացնել և քայլեր ձեռնարկել Համբիկ Սասունյանին Հայրենիք վերադառնալու հնարավորությունը ապահովելու համար:

33  տարի շարունակ  ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սեն Լուիս Օբիսպո բանտում նա շարունակում է ապրել Հայրենիքով, հայ ժողովրդի հաղթանակներով ու  ցավով և մեր պայծառ ապագայի նկատմամբ հավատով:

Համոզված եմ, որ այսօր յուրաքանչյուր հայ իր ազգի զինվորն է և Համբիկ Սասունյանի՝ հայ զինվորին ուղղված նամակը վերաբերում է բոլորիս:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով՝ խնդրում եմ պատասխանել, թե ի՞նչ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում Համբիկ Սասունյանի՝ Հայրենիք վերադարձի գործընթացն այս տարի հաջողությամբ  պսակելու ուղղությամբ:

Կից ներկայացնում եմ Համբիկ Սասունյանի նամակը.

Սիրելի «Հայ Զինվոր»   Մի քանի տարի առաջ նամակ մը գրած էի Ձեզ, եւ քանի որ խուցիս մեջ ազատ ժամեր եմ ունենում, երկու օր է, մտածում էի, թե նամակ մը եւս գրեմ ու կիսվեմ իմ մտորումներով, սրտիս ու երազներուս մեջ շարունակ տեղ գտնող ու ինձ գրավող հարցերով: Ձեր միջոցով նաեւ խոսքս ուղղեմ հայ զինվորին:   Պետք է ըսիմ, որ «Հայ Զինվոր» թերթը Հայրենիքից ինձ միշտ հասնում է երկու շաբաթը մեկ, կանոնավոր եւ պարտաճանաչ ձեւով: Այսինքն` Ձեր մշտական ընթերցողն եմ… Այն սիրով ինձ ուղարկում է Երեւանում բնակվող իմ նշանածն ու ապագայ կինը` Մերի Քեշիշյանը, լավ գիտնալով, որ ողջ էությամբս հետաքրքրվում եմ Հայոց բանակով, զինված ուժերով ու հայ զինվորի առօրյայով:   Ձեր էջերի հոդվածներից շատերը կարդալով` վերապրում եմ այն օրերը, երբ նոր էի բանտարկվել, այսինքն՝ 1982-90-ական թվականները, եւ խուցիս մեջ ընթերցում էի Հայոց Մեծերի` Աբովյանի, Նալբանդյանի, Րաֆֆու, Ահարոնյանի, Լեոյի, Նժդեհի եւ շատ մը ուրիշ մեծ հայորդիների գրքերն ու ապրում նրանց երազանքներով, որոնք նվիրված էին Հայոց ապագային, ժողովրդին, դպրոցին, հայ ազգային-ազատագրական պայքարին: Նրանք երազում էին ունենալ այդ բոլորը… Վերապրելով նրանց այդ մեծ ցավն ու երազանքը, շարունակ կխորհեմ, թե ի՞նչ կմտածեին, եթե այսօր ողջ ըլլային ու տիսնային Հայոց ազատ ու նոր Հայաստանը, մարտունակ բանակը ու Կովկասի մեջ ամենահզորը՝ հայ զինվորին:

Միշտ խորապես տպավորվում եմ ամեն գրված նյութով, հատկապես, երբ այն վերաբերում է Արցախյան պատերազմում նահատակված ու կռված, հաղթած զինվորին, ազատամարտիկին ու նրանց մասին տարբեր հիշողություններին: Հպարտ եմ նաեւ այսօրվա հայ զինվորով: Պետք է ասեմ, որ ազատ ժամերիս մտքերս հանձնում եմ օրագրիս էջերին ու դրանք ուղարկում իմ Մերիին: Օրագրերիս մեջ կցված պահում եմ «Հայ Զինվոր»-ի էջերի բոլոր այն հոդվածները, որ դիպել են սրտիս. Բեկորի, Պետոյի, Կարոտի, Դուշման Վարդանի, Կարոյի, Վուրգի ու մնացած տղերքի մասին…

Ուզում եմ, որ դրանք մնան այդ էջերում, որ ապագայում իմ ու Մերիի զավակները նույնպես կարդան, հպարտանան, սովորեն եւ օրինակ վերցնեն: Առաջին օրն իսկ, որ ոտքս դիպչի իմ Սուրբ Հայրենի հողին, պիտի Ծիծեռնակաբերդ գնամ ու Եռաբլուր, հետո` Արցախ… Հեռու եմ իմ սիրելի Հայրենիքից, բայց Հայրենիքն իմ մեջ է, իմ սրտում, երազներում, իմ կարոտում… Դժվար է Հայրենիքից հեռու լինել, նույնպես` սիրած աղջկանից:   Արդեն 49 տարեկան եմ ու ամեն օրս ապրել եմ այդ կարոտով: Կարոտը շատ ծանր է, կարծես դրա մասնագետն եմ դարձել: Կամքն ու զորությունը, որ ստանում եմ Հայրենիքից ու ձեզնից, ջերմ խոսքերը, ինձ ուժ են տալիս…

Եթե կյանքում կա ցավ ու տանջանք` ես կուզենայի իմ Հայրենիքի ու սիրո համար տանջվիլ, պայքարիլ:   Զինվոր ըլլալը վախկոտի համար չի՛: Բայց միայն քաջ ըլլալով էլ մարդ զինվոր չի կարող ըլլա: Քաջությունը հարգելի է, երբ այն գործածվում է Ազգ, Հայրենիք, Ընտանիք պաշտպանելու համար:   Պետք է լավ մարդ ու լավ հայ ըլլալ:

Հա՛յ զինվոր, սիրի՛ր հայրենիքդ անշահախնդիր, նվիրումով, ու երբ Հայրենիքդ ուժգին սիրես, հավատա՛, ուրեմն անկեղծ ես նաեւ այն սիրո հանդեպ, որ ունես նախնիներիդ, մորդ, զավակիդ ու կնոջդ հանդեպ: Երբ զինվոր ես, ծառայել ես Հայրենիքիդ, երբ անցնում ես Մասիսի կողքով, նայիր Մասիսին` նա ժպտալու է քեզ, զինվորը պատիվ ու պարծանք է բերում Մասիսին: Սեն Լուիս Օբիսպո բանտը Երանի ես էլ ըլլայի 18 տարեկան եւ բանակում ծառայություն անցնեի: Պատրաստ եմ անվերջ ժամերով ու ամիսներով արեւի, փոշու, ցրտի եւ ամեն դժվարության մեջ պահակ կենալ Հայրենիքիս սահմանի վրա… Ավելի մեծ պատիվ ու պարտականություն չկա՛: Հայրենասիրությունը եւ ծառայությունը մեր արյան մեջ է, մեր պարտքն ու պատիվը: Մասիսի դիմաց` Մասիսին եք ծառայում, պատիվ բերում ազգին ու Հայրենիքին: Երազում ու միշտ ինքս ինձ հարցնում եմ. «Ե՞րբ պիտի Ձեզ հասնիմ` Հայրենիք, Մասիս, Մերի…»:

Հաճախ շատ ցավ եմ զգում, հոգնած ու կորսված, չիմանալով վաղվա գալիքս… Արդյոք կյանքը կժպտա՞ ինձ… Նորեն ու նորեն ինձ ուժ տվողը Հայրենիքիս Սերն ու մեկ հատիկ Մերիս է, իմ կամքն ու պայքարի ոգին իրմէ է, որ կառնիմ, կքաղեմ, կմնամ զորավոր: Գիտեմ այդ պահին, որ վաղը լավ օր կլինի, կգա այդ օրը… Կհասնիմ իմ Հայաստան, իմ սիրած Հայրենիք, կտիսնամ Մասիսը, միթե տիսնամ` ու ինձ ժպտա…, կհամբուրեմ նշանածիս հայու հպարտ ճակատն ու կասեմ. «Դուն էիր, որ ինձ ուժ տվեցիր, ուղղություն, որ հասնիմ հայրենիքս, քեզ, կյանքիս մեջ առաջին անգամ զգամ Ազատություն, շնչեմ օդը Մասիսից եկող, տիսնամ հողն` ինձ պատկանող, զգամ փառքը դրախտավայրի, զմայլվիմ ամեն քարի ու բնության գեղեցկությամբ: Այդժամ`ամեն բան կհստականա, թե ինչու համար էր այս բոլորը, այս պայքարը, տանջանքը…»:

Պայքարը տկարի համար չէ՛… Հայու ոգի է պետք ու կամք, մենք պետք է մեզ` մեր մեջ հավաքենք ու բռունցք լինենք միշտ: Նույնիսկ ինձ համար այստեղ, այս խուցի մեջ իմ պայքարի վերջը հաղթանա՛կն է: Արդարության ճանապարհը երկար է, ու պիտի անցնել այն, զոհողությամբ, նվիրումով, համբերատար, որով կփաստես, որ արժանի ես Հայ կոչվելուն: Ծառայությո՛ւն, ծառայությո՛ւն, ծառայությո՛ւն… Խոնարհ ծառայել Ազգին, Հայ Ազգին. ավելի մեծ ծառայություն ու պատիվ չկա: Եթե մարդը քրիստոնյա դառնալու համար պիտի օծվի, մկրտվի, ապաշխարի, հաղորդություն առնի, ապա` հայ ըլլալու համար պետք է Մաշտոցին ու Մասիսին ծառայի:

Հայը պիտի պայքարող ըլլա, թշնամու եւ բռնության առջեւ գլուխ չծռող: Իմ սասունցի նախնիները մի լավ խոսք են ասել. «Սասունցին անգլուխ կմնա, բայց գլուխը թշնամու առաջ չի խոնարհի…»: Միայն այդ ժամանակ է, որ զինվոր կոչվելու արժանի կլինես. ու Մասիսը քեզ կասի` դու իմ զավակն ես, Մաշտոցը կասի` դու արժանի ես իմ ազգի զավակ կոչվելու, արժանի ես ափ մը սուրբ հող` այս սուրբ հողին:

Կուզեմ տիսնալ այն օրը, երբ մենք մեր սեփական ձեռքերով պիտի շինենք մեր հրասայլը, մեր ուղղաթիռները, ինքնաթիռները, հրթիռներն ու ինքնաձիգները, որ մեր երկիրը զենք պատրաստող շատ մասնագետներ ունենա: Այն օրն եմ երազում տեսնել, որ հայը իր ձեռքերով պատրաստած շատ զինատեսակներ ունի, որոնք կկրեն` Դրո, Անդրանիկ, Նժդեհ անունները: Մեր վերածնված հերոսները, որոնք կպաշտպանին մեր Հայրենիքն ու Ազգը: Պետք է դրվեն դրա հիմքերը, արմատները, որքան էլ որ ջանք պահանջվի, պետք է լինեն Հայաստանը պաշտպանող հայ զենքերը: Եթե 200 տարի առաջ Աբովյանը երազում էր այն օրը տիսնալ, որ Հայաստանի մեջ շատ դպրոցներ լինեին, իսկ Րաֆֆին երազում էր մեր Ազգի զարթոնքը, ես ալ երազում եմ հայու ձեռքով շինված արդի զենքերի արտադրություն, որոնք կրին Աբովյանի եւ Րաֆֆու, Նալբանդյանի անունները:

Ձեր հայու բաց ու հպարտ ճակատները համբուրում եմ` իմ քաջ, իմ զինվոր ընկերներ:   Վստահ եմ` ծառայությունից ետք փոխվելու է բոլորիդ կյանքը, պիտի հպարտանաք, որ ծառայել եք Հայոց բանակում, զինվոր եղել, հա՛յ զինվոր: Այդ պարտականությունն ու պատիվը փոխանցեք ձեր ծնելիք հայդուկ զավակներին:   Հայ զինվորը թե 80 տարեկան ալ դառնայ` նա միշտ զինվոր է մնում:   Քո ցավը տանեմ` հայ զինվոր:   Խոստանում եմ, որ վերադառնալով, եթե թույլատրեն, գոնե մի քանի օրով սահման կուզեմ երթամ եւ հսկիմ, պաշտպանիմ մեր երկրի սահմանը: Նույնիսկ հառաջացած տարիքիս մեջ` անելու եմ այդ:   Հայրենիքիս զինվորն եմ ցմահ, այդ է սովորեցրել ինձ իմ հայու արյունը:   Բանակի համար ամենակարեւորը դուն ես, հա՛յ զինվոր:   Պատիվ բեր մորդ, սիրածիդ եւ Ազգիդ:   Ամեն ինչ քեզ համար է, Հայաստա՛ն, ամեն ինչ քեզ համար է, Մասի՛ս…   Հայ զինվորը քեզ ծառայելու համար է ծնվել:   Փա՛ռք Հայ զինվորին»:

Սիրով`ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
Սեն Լուիս Օբիսպո բանտ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
30 հուվարի 2015թ.

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս