Բաժիններ՝

Հայաստանում լրագրողները նախկինի նման ենթարկվում են ճնշումների ու բռնությունների. Human Rights Watch

Human Rights Watch (HRW) միջազգային իրավաապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը (World report 2015):

Հայաստանի մասով նշված է, որ 2014 թվականին երկրում շարունակել են մնալ մարդու իրավունքների շուրջ ոլորտում առկա խնդիրները: Իշխանությունները նախկինի նման միջամտում են խաղաղ ակցիաներին, նրանք դա արել են ողջ տարվա ընթացքում:

2014 թվականի առաջին կեսին ոստիկանությունը կենսաթոշակային բարեփոխումների, շրջակա միջավայրի խնդիրների, կոմունալ ծառայությունների գների ու այլ հարցերի կապակցությամբ անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալել է 70 ակտիվիստի:

Նրանց մեծ մասն ազատ են արձակվել մեկ օր անց, ոմանք ենթարկվել են վարչական տույժերի: Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Աֆրիկյանների տան համար ացկացված բողոքի ակցիաներին ու Շանթ Հարությունյանի և նրա 13 համակիրների նկատմամբ դատավարությանը:

Զեկույցում նշված է, որ բանտարկյալները շարունակում են ենթարկվել կտտանքների ու արժանանալ կոպիտ վերաբերմունքի, իսկ հետաքննություններն արդյունավետ չեն, անգամ եթե դրանք անցկացվում են բաց:

Մասնավորապես, կտտանքներ ու կոպիտ վերաբերմունքի դեպքեր գրանցվում են նաև ոստիկանատներում ու նախնական կալանքի տեղերում՝ ցուցմունքներ ստանալու համար: Ոմանք բողոքել են այդ ամենի դեմ, սակայն շատերը չեն գնացել այդ քայլին՝ վախենալով վրեժխնդրությունից ու հետագա կոպիտ վերաբերմունքից:

Լրագրողները նախկինի նման բախվում են ճնշումների ու բռնությունների: Բանակում շարունակում են մնալ լուրջ խախտումները, շարունակվում է խտրականությունը՝ կապված սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ:

Կառավարությունը ցայժմ չի վերացրել անբուժելի հիվանդություններից տառապող մարդկանց համար ցավազրկող դեղերից օգտվելու հարցում առկա անհարկի սահմանափակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս