2014 թվականին Ռուսաստանը ստորագրել է 14 միլիարդ դոլարի «ռազմական պայմանագրեր»
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է 2014 թվականին սպառազինության արտահանման արդյունքները: Պուտինը հայտարարել է, որ նախորդ տարի Ռուսաստանին հաջողվել է կնքել 14 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր: Պուտինը հիշեցրել է, որ 2013 թվականի արդյունքը կազմել է 18 միլիարդ դոլար:
Թերթն ընդգծում է, որ նախորդ տարվա արդյունքը կարող էր ավելի բարձր լինել, եթե սեպտեմբերին Ռուսաստանն ու Չինաստանը ստորագրեին 1.9 միլիարդ դոլարի պայմանագիրը, որն առնչվում էր չինական կողմից С-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համալիրների 4 դիվիզիոն մատակարարելուն:
Օրեր առաջ ամերիկյան մամուլը հայտնեց, որ Ռուսաստանը Չինաստանին կմատակարարի С-400 զենիթա-հրթիռային համալիրների 6 դիվիզիոն, և որ Չինաստանը յուրաքանչյուր դիվիզիոնի համար վճարելու է մոտ 500 միլիոն դոլար: