ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 16 սենատորների խումբը, որոնց թվում կան թե՛ հանրապետականներ, թե՛ դեմոկրատներ, երեկ երեկոյան Կոնգրեսին ներկայացրել են մի օրինագիծ, որը հնարավորություն կտա Իրանի դեմ սահմանել նոր պատժամիջոցներ, եթե Իրանին ու «Վեցյակին» չհաջողվի իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:

Այս մասին լրագրողներին հայտնել է նախաձեռնության հեղինակներից, հանրապետական սենատոր Մարկ Կիրկը: Նա մանրամասնել է, որ օրինագծի համաձայն՝ պատժամիջոցներ կարելի է սահմանել հունիսի 30-ից հետո, եթե իհարկե բանակցությունները չհանգեցնեն արդյունքի:

Բացի այդ, օրինագիծը խստացնում է բանակցային գործընթացի նկատմամբ Կոնգրեսի վերահսկողությունն ու ԱՄՆ նախագահի աշխատակազմին պարտավորեցնում է Կապիտոլիումի բլրին հինգ օրում տրամադրել բոլոր համաձայնագրերի կամ երկարաձգումների տեքստերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ վետո է դնելու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա՝ գտնելով, որ բանակցային գործընթացի ժամանակ նոր պատժամիջոցներ սահմանելը կտապալի մինչ այդ գործադրված բոլոր ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս