Գյումրիի դեպքերից հետո ՌԴ-ում խստացվում են արտերկրի զորամասերում ծառայելու թեկնածուներին ներկայացվող պահանջները
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունը բարձրացրել է արտերկրում տեղակայված զորամասերում ու զորամիավորումներին ծառայելու թեկնածուներին ներկայացվող պահանջները:
Այս մասին այսօր հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը. «Նրանց համար խստացվել է կրթական որակավորումը:
Այժմ արտերկրում կծառայեն այն հավակնորդները, ովքեր ունեն միջնակարգ լրիվ կրթություն, առավելություն կստանան բարձրագույն և միջին հատուկ ուսումնական հաստատություններ ավարտելու մասին դիպլոմներ ունեցողները»:
Ռոշչուպկինի խոսքերով՝ մեծացվել են նաև զինծառայողների առողջական վիճակի հանդեպ պահանջները, ավելի մեծ ուշադրություն է հատկացվում պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության թեստի արդյունքներին:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ արտերկրում տեղակայված զորամասերում ծառայելու թեկնածուների մանրակրկիտ ընտրության հարցը հատուկ այժմեականություն է ստացել Գյումրիի ողբերգական իրադարձություններից հետո: